Երևանում փակվում են բարձրահարկ շենքերի աղբամուղները. որոշումը բնակիչներինն է, կան նաև դժգոհողներ

Armenpress 08:59, 26 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնակիչների դիմումներով Երևանի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի 185 մուտքում փակվել և զոդվել են բոլոր աղբամուղները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի կազմակերպման բաժնի պետ Հարություն Խաչատրյանը:

«Բազմաբնակարան շենքերի աղբամուղները փակելու որոշում չկա և չի կարող լինել, քանի որ դրանք բնակիչների սեփականությունն են: Վերջիններն են որոշում, թե ինչպես օգտագործել ընդհանուր բաժնային սեփականությունը (գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային- խմբ.): Շենքերի սեփականատերերի ժողովի ժամանակ, եթե 51 տոկոսը որոշում կայացնի, որ պետք է աղբատարը փակվի, ապա այդ փաստն ունի իրավական ուժ: Բնակիչները կարող են իրենց կայացրած որոշումով դիմել կառավարման մարմին: Որոշումը կարող է լինել օրինակ՝ ստորագրության ձևով»,- նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով աղբամուղները փակելու նկատմամբ մարդկանց արձագանքին՝ նա նշեց, որ դժգոհություններ շատ չեն հնչել, հիմնականում հնարավոր է եղել բացատրել բոլորին, որ աղբամուղի փակելն ամենակարևորը կնպաստի շենքի մուտքի մաքուր լինելուն:

«Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի մոտ փակված է 185 աղբամուղ: Այս պահին գործընթացը մի փոքր ակտիվացել է, քանի որ ներկայում հավուր պատշաճի չի կատարվում աղբահանությունը: Այսօր խնդիր է առաջանում նաև բակերում կայանող մեքենաների պատճառով, քանի որ աղբատար մեքենաները չեն կարողանում բակեր մուտք գործել»,- նշեց Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ որոշ շենքերի աղբամուղները չփակելու դեպքում անհրաժեշտ է լինելու լուծել աղբատար փոքր մեքենաներ ունենալու խնդիրը, որպեսզի բակեր մտնելը հեշտ լինի. Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 10 փոքր աղբատար մեքենա: Նախապես մրցույթ է հայտարարված եղել, հաղթել է «Մուլտի մոթորս» կազմակերպությունը և մինչև հոկտեմբերի 15-ն այդ մեքենաները կլինեն Երևանում:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am