1000х90.jpg (78 KB)

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Վրաստանում ունեցած հանդիպումների ընթացքում քննարկված հարցերի շրջանակը

Armenpress 12:16, 25 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է, թե ինչ շրջանակի հարցեր են քննարկվել Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մնացականյանն այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Այս պաշտոնական այցի շրջանակում մենք նորից անդրադարձանք այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են մեր երկու երկրների անվտանգային համակարգերին և այն մարտահրավերներին, որ առնչվում են մեր անվտանգային համակարգերին: Նաև ընդգծեցինք այն, ինչ շատ բնական համատեղ շահագրգռվածություն է՝ զարգացնել հարաբերությունները այն ուղղությամբ, որոնք ներդրում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Այդ առումով մեր երկու երկրներն ունեն շատ ընդգծված հետաքրքրություն  և շահագրգռվածություն»,- նշել է Մնացականյանը:

ԱԳ նախարարի խոսքով` իրենք փորձում են ավելի քաջալերել բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակությունների շփումները, համատեղ աշխատանքը բոլոր մակարդակներում:

«Սա նույնպես, բնականաբար, այն հարցերից է, որոնց մենք անդրադարձել ենք և՛ Վրաստանի նախարարի, և՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Եվ  մեզ համար աշխատելու շատ մեծ հիմք են Երևանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որոնց ծավալը բավական մեծ է: Անդրադարձ է կատարվել բազմաթիվ հարցերի՝ ենթակառուցվածքներից մինչև տնտեսության, կրթության, գիտության, զբոսաշրջության և այլ ոլորտներին: Բավական ծավալուն են հարաբերությունները, և ծավալուն է օրակարգը, որը ձևավորվել է մեր կառավարությունների միջև և արտահայտվել է միջկառավարական հանձնաժողովների շրջանակում: Դրա հարցերը, և որոշ հարցերին անդրադառնալը, որոնք բխում էին միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներից, նույնպես այսօր մեր օրակարգային հարցերն էին և արտահայտվել են թե՛ արտգործնախարարի, թե՛ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումների ժամանակ»,- ասել է ԱԳ նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am