Հակոբ Արշակյանն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է գործակցության հեռանկարները

Armenpress 15:32, 24 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա ծրագրերին և գործակցության հնարավորություններին:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տնտեսության զարգացման համար կառավարության որդեգրած առաջնահերթությունները, նորաստեղծ նախարարության տեսլականը` Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին նախարարը իրանցի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT-2019):

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am