Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու թեման

Armenpress 12:20, 24 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի համար դռնփակ հանդիպում է ունեցել հանրապետական կուսակցության 45 սենատորների հետ, որի ընթացքում քննարկվել է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման և այդ երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու թեմաները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Եվրոնյուզ» լրատվամիջոցը:

Սպիտակ տունը հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն, ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպման ընթացքում պատժամիջոցների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել:

Ներկայումս Ռուսաստանից իրականացվում է Ս-400 համակարգերի մատակարարումը Թուրքիային, որի հետևանքով լարվել են այս երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունները: ԱՄՆ-ը պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով էլ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոնը) հուլիսի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան հեռացվելու է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին սենատին են ներկայացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am