«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց Եվրոպայի լիգայի երկրորդ տուրի առաջին խաղում

Armenpress 20:50, 23 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով: Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ» ակումբը բավականին լուրջ պաշտպանվում էր՝ շեշտը դնելով հակագրոհների վրա: Սակայն «Արարատ-Արմենիա»-ի խաղում շատ էր խոտանը և ֆուտբոլիստները մեկը մեկի դեմ պայքարում կորցնում էին գնդակը: Հադիպման 33-րդ րոպեին «Լինկոլն Ռեդ»-ի սխալից օգտվեց և «Արարատ-Արմենիա»-ն արագ հակագրոհով առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկոն: Առաջին կեսի ավելացված երկրորդ րոպեին հայկական ակումբը խփեց նաև երկրորդ գոլը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և գոլ խփեց Կասե Ալպոնս Կոդջոն: Թիմերի հանգստի գնացին «Արարատ-Արմենիա»-ի երկու գնդակի առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկը շատ հաջող ստացվեց հայկական ակումբի համար, քանի որ «Լինկոլն Ռեդ»-ը մնաց 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ ստացավ Պերեսը:  «Արարատ-Արմենիա»-ն տիրում էր նախաձեռնությանը և կարողանում էր վերահսկել խաղը: Սակայն մրցակցի դարպսը երրորդ գնդակն ուղարկել չէր ստացվում: Ի վերջո «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց 2:0 հաշվով: 

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին արդեն Ջիբրալթարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am