Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԴ ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալի հետ

Armenpress 19:30, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 22-ին այցելել է Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալություն և հանդիպել գործակալության ղեկավարի տեղակալ Միխայիլ Միշինի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ու համայնքային կառույցների գործունեությունը, նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և գործակալության միջև համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ  է կատարվել Հայաստանի, Ռուսաստանում բնակվող հայ և այլազգի երիտասարդների միջև համագործակցության և շփումների ակտիվացման հեռանկարներին, տարբեր երիտասարդական ֆորումների կազմակերպման և երիտասարդների մասնակցության հարցին:

Մանրամասն քննարկվել է Ռուսաստանում  հայոց լեզվի ուսուցման խնդիրը, երկուստեք կարևորվել այս հարցում առկա բոլոր խոչընդոտների վերացումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am