ԵԱՏՀ-ն հրապարակել է զեկույց ԵԱՏՄ-ում կրիպտոարժույթների խնդիրների և բլոկչեյն շղթաների վերաբերյալ

Armenpress 17:35, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջին անգամ պատրաստել է զեկույց Եվրասիական տնտեսական միությունում կրիպտոարժույթների զարգացման և բլոկչեյն շղթաների ձևավորման վերաբերյալ։ Զեկույցի խորագիրն է «Կրիպտոարժույթները և բլոկչեյնը որպես նոր տնտեսության բաղկացուցիչ. Միության անդամ երկրների և միջազգային փորձի ուսումնասիրությունը և զարգացման հեռանկարները ԵԱՏՄ շրջանակներում»։

Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», զեկույցը հիմնված է 2017-2019 թվականներին Հանձնաժողովի անցկացրած փորձագիտական հանդիպումների և քննարկումների վրա, ինչպես նաև պարունակում է անդամ պետությունների գործարար և ակադեմիական ոլորտների ներկայացուցիչների տեսակետները: Միության չորս երկրներում` Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում անցկացվել են ութ քննարկումներ և սեմինարներ:

ԵԱՏՀ-ն առաջարկում է ներկա փուլում ներդաշնակեցնել եվրասիական տարածքում իրավական կարգավորումները՝ հիմնվելով անդամ երկրների բլոկչեյն տեխնոլոգիաների իրավական կարգավորումների վրա։ Դա կապահովի Միության երկրների տնտեսության նոր ոլորտների միջև անարգել փոխհամագործակցության ձևավորում և կնվազեցնի ԵԱՏՄ տարածքում իրավական մրցակցությունը:

Հանձնաժողովը ոլորտի փորձագետների հետ համատեղ պատրաստել է բլոկչեյն տեխնոլոգիաների և կրիպտոարժույթի կարգավորման հիմնական սկզբունքները, որոնք կարող են ներդաշակեցվել միության բոլոր երկրներում։ Տերմինաբանությունը և սկզբունքների մշակման աշխատանքները կավարտվեն շահագրգիռ կողմերի հետ վերջնական քննարկումների արդյունքում:

ԵԱՏՀ մակրոտնտեսական քաղաքականության բաժանմունքն ուսումնասիրում է կրիպտոարժույթի և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտը ԵԱՏՄ-ում 2017 թվականի դեկտեմբերից։ Ոլորտային ուսումնասիրությունների արդյունքում՝ ԵԱՏՀ-ն առանձնացրել է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հիմնախնդիրները որպես Միության առջև ծառացած գլոբալ մարտահրավեր։

Զեկույցում նշված է, որ ՀՀ-ում նշված ոլորտի կարգավորման համար դեռևս ընդունված չէ որևէ նորմատիվային ակտ կամ փաստաթուղթ։ Սակայն փորձագիտական համայնքը առաջարկություններ է մշակում կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների ոլորտի ձևավորման նպատակով, ինչպես նաև իրականացնում են խորհրդատվություններ նաև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Մասնագիտական հանրությունը և կառավարության ներկայացուցիչները կատարում են միջազգային փորձի ուսումնասիրություն նախ և առաջ հարևան և գործընկեր երկրների օրինակով՝ փորձելով այս երկրների պրակտիկան համապատասխանեցնել հայաստանյան պայմաններին։  Բացի այդ, քննարկվում է նաև պետական միջամտության անհրաժեշտության հարցը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանում մտադիր են ստեղծել բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար ազատ տնտեսական գոտի, որը կնպաստի բարձր տեխնոլոգիական նախագծերի զարգացմանը ՀՀ-ում, կներգրավի ներդրումներ և կստեղծի նոր աշխատատեղեր։  Ընդհանուր առմամբ այն լրացուցիչ ազդակ է երկրի տնտեսության զարգացման համար։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը թվային ֆինանսական ակտիվների մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ամրագրել թվային տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծվող կրիպտոակտիվների պահպանման և շրջանառման իրավակարգավորումները, ինչպես նաև դրա ստեղծման ընթացքում անձանց իրավասությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am