Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին

Armenpress 10:33, 22 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը  շարունակում է Հայաստանի Հանրապետության սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական տեղափոխման դեմ պայքարը: Վարչության աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանային անցակետում Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ի նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերել են 338 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող սև գույնի զանգված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զանգվածի պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթն ինքնակպչուն ժապավենով ամրացված է եղել Ս.Պ.-ի ոտքերին:

Մեկ այլ դեպքով իրականացված հսկողության արդյունքում Իրանից ժամանած ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ի կողմից շահագործվող բեռնատարի սրահից` ուղևորի նստատեղի գորգի տակից, հայտնաբերվել է 1.68 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող սպիտակ գույնի, բյուրեղանման զանգված:

Նշված դեպքերով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են քննչական վարչությանը: Հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացի Ս.Պ.-ն և ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն կալանավորվել են:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am