Նախագահը հյուրընկալվել է Գուգարաց թեմում և «Ծիծեռնակ» ճամբարում

Armenpress 20:06, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 21-ին հյուրընկալվել է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանում։ Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ներկայացրել է շենքի պատմությունը (1895 թվականին կառուցված այս շենքը եղել է հայազգի մեծահարուստ Թայիրովի ամառանոցը), պատմել Գուգարաց թեմի աշխատանքների և իրականացվող ծրագրերի մասին։

Այնուհետև Հանրապետության նախագահը և արքեպիսկոպոս Չուլջյանն այցելել են Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբար, որն այս օրերին Վանաձորում է համախմբել Շիրակի մարզի, Ջավախքի, Ալավերդու ու Ստեփանավանի մի խումբ դպրոցականների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճամբարականները հյուրերին դիմավորել են ազգային երգ ու պարով։«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» կարգախոսով կազմակերպող ճամբարում երեխաներին ուսուցանվում է ազգային արհեստ ու արվեստ։ Ճամբարականների համար այդ նպատակով կազմակերպվում են նկարչության, ռոբոտաշինության, ոսկերչության և այլ վարպետության դասեր, ինչպես նաև ազգային երգ ու պարի դասընթացներ։ Արմեն Սարգսյանը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, զրուցել երեխաների հետ։ Նրանք նախագահին ցույց են տվել իրենց ձեռքի աշխատանքները։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am