1000х90.jpg (78 KB)

Զարեհ Սինանյանը հանդիպել է Մոսկվայի և ՌԴ մի շարք այլ քաղաքների հայ երիտասարդների հետ

Armenpress 17:12, 21 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հնգօրյա հագեցած այցի շրջանակներում հանդիպել է Մոսկվայի և ՌԴ մի շարք այլ քաղաքների հայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հանդիսությունների սրահում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակլից։

«Ի սկզբանե, Գլխավոր հանձնակատարը պատրաստակամություն էր հայտնել պարտադիր հանդիպել ռուսաստանաբնակ հայ երիտասարդների հետ, լսել նրանց ու քննարկել երկուստեք հուզող հարցեր: Առանձնահատուկ ընդգծվեց այն հանգամանքը, որ հանդիպման բոլոր մասնակիցները տիրապետում էին մայրենի լեզվին:

Խոսելով հայրենիք-սփյուռք հարաբերությունների մասին՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ այս գործակցության մեջ այլևս առաջնային է ինչպես հայրենիքի, այնպես էլ համայնքների ամրապնդումը, և եզակի հնարավորություն է ստեղծվել կերտելու այնպիսի Հայաստանը, որը բոլորիս ապագայի հանգրվանը կդառնա: «Պետականակենտրոն ազգ ունենալու գաղափարը, ուժեղ, հզոր պետություն ունենալու գիտակցությունը. ահա այս ամենը պիտի միավորի մեզ: Պետության կայացման մեջ ամեն մեկս անելիք ունենք»,-նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Այնուհետև ներկաները մեկ ժամից ավելի ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին սփյուռքի կազմակերպման գործընթացին, սփյուռքի ճանաչողությանը, հայրենադարձությանը, համահայկական երիտասարդական հարթակների ստեղծմանը: Զարեհ Սինանյանը կարևորեց Հայաստանի պետական կառավարման համակարգում սփյուռքահայ երիտասարդների ներգրավումը և ներկաներին հրավիրեց համատեղ աշխատանքի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am