Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ արվեստագետ էր, այլև՝ մեծ քաղաքացի․ նախագահը հարգել է դերասանի հիշատակը

Armenpress 15:29, 20 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ստեփանավանում դիմավորել են աղուհացով, փողային նվագախմբի կատարումներով, երգուպարով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  նախագահ Սարգսյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ստեփանավանցիների հետ։ Քաղաքի Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել հայ կինոյի և թատրոնի մեծ երախտավորի հիշատակին: Բազմաթիվ փայլուն դերեր մարմնավորած մշակութային ու հասարակական անվանի գործչի հայրենի քաղաքում հուշարձանը տեղադրվել է 2014 թվականին, հեղինակը ճարտարապետ Դավիթ Մինասյանն է: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ բախտ է ունեցել Սոս Սարգսյանին անձամբ ճանաչել։ «Իմ հարգանքի տուրքը մարդուն էր, որը ոչ միայն մեծ արվեստագետ էր, դերասան, այլև՝ մեծ քաղաքացի, ով մշտապես մտածում էր իր երկրի, նրա ապագայի մասին»,-ասել է Հանրապետության նախագահը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am