«Հայաստանի Հանրապետություն». Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում

Armenpress 11:58, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի եւ ուսանողների հարաբերությունները կարգավորվել են: Թերթի հետ զրույցում այդ մասին ասել է ռեկտորը` անդրադառնալով բուհի ղեկավարի ընտրության ժամանակ թեժացած կրքերին:

Արզումանյանն ընդգծել է, որ ինքն իր տեսակով շուտ հուսահատվող չէ, եթե ուզում է ինչ-որ բան անել` անում է: Այս պարագայում նրա ցանկությունը բուհին հնարավորինս օգտակար լինելն է: Համոզված է՝ բուհը դրա կարիքն ունի: Նա տեղեկացրել է, որ բազմաթիվ ծրագրեր ունի եւ դրանք կյանքի կոչելու դեպքում կունենանք իր ուզած թատերական ինստիտուտը:

Բայց ահա ներբուհական քննություններից Լիլիթ Արզումանյանը դժգոհ է. «Պատկերը բավականին տխուր է»: Թատրոն հաճախելու մասին հարցին դիմորդների զգալի մասը բացասական պատասխան է տվել: Ստացվում է` թատրոն չեն հաճախում, բայց ուզում են դերասան դառնալ: «Հաճախ մենք էլ չենք հասկանում` ինչու են եկել թատերական: Երբեմն ասում են, որ դա իրենց մանկության երազանքն է եղել: Չեմ բացառում»,-նշել է ռեկտորը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am