Աննա Հակոբյանն ու Գլեդիս Բերեջիկլյանը քննարկել են համագործակցության ուղիները

Armenpress 11:27, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ին հյուընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

«Լսել եմ Ձեր գործունեության մասին և շատ հպարտ եմ Ձեր կատարած աշխատանքով: Առաջին անգամն է, որ Հայաստանն ունի նման վարչապետ և վարչապետի տիկին: Ես բազմաթիվ անգամներ եմ եղել Հայաստանում, այս անգամ տեսնում եմ, որ ժողովուրդը լավատեսական է և շատ դրական է տրամադրված»,- ասել է Գրեդիս Բերեջիկլյանը:

«Պահը պատմական է, և հնարավորության սահմաններում յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա: Եվ ես էլ չեմ կարող առավելագույնը չանել»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխության առաջին արդյունքը երկրում մթնոլորտի փոփոխությունն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից, Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը: «Իմ քայլը հիմնադրամի նպատակը ներառական, մտավոր և ֆիզիական առումով առողջ հասարակություն կերտելն է: Այդ նպատակով հիմնադրամն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են երկարաժամկետ խնդիրների լուծմանը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ուղիներ, ձեռք բերվել պայմանավորվածություններ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am