Արցախի ԱԺ հանձնաժողովը հավանության է տվել Ընտրական օրենսգրքի և կից օրենքների նախագծերի փաթեթին

Armenpress 20:51, 19 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ հուլիսի 19-ին տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստին հրավիրված արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանձնաժողովին է ներկայացրել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավոր Հայկ Խանումյանի, «Շարժում-88», «Դաշնակցություն» ու «Ժողովրդավարություն» խմբակցությունների առաջարկները և դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունները:

Քննարկումից հետո, հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթն առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում քննարկելուն:

Հաջորդիվ արդարադատության նախարարը ներկայացրել է ԱԺ–ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը: Արարատ Դանիելյանն անդրադարձել է առաջարկին՝ պատգամավորների հետ քննարկելով կառավարության հիմնավորումները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագիծը ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am