1000х90.jpg (78 KB)

Փափուկ տակդիր, առողջ ապրելակերպ և լավ տրամադրություն. կայացավ չոչ անող մանուկների առաջին մրցույթը

Armenpress 20:57, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ծնողների ակումբ»-ն, առողջ ապրելակերպն ու չոչը խրախուսելու և դրական հույզեր պարգևելու ցանկությամբ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է փոքրիկ չոչ անողների մեծ մրցույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երազ» այգում տեղի ունեցած Չոչի մրցույթին մասնակցում էր  9 ամսականից մինչև 1 տարի 3 ամսական 40 երեխա:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

 «Մրցույթին մասնակցում է 40 երեխա, և լինելու է 5 խումբ, ու յուրաքանչյուրում՝ 8-ական մասնակից, միայն մեկում` 9 հոգի: Ունենք 4 մետր երկարությամբ 5 չոչուղի: Ամեն խմբից մեկական հոգի է հաղթելու, և մրցույթից հետո մեր հովանավորները տրամադրելու են տարբեր տեսակի նվերներ և սերտիֆիկատներ»,- ասաց «Հայ ծնողների ակումբ»-ի համակարգող Տաթև Միրզոյանը:

Չոչուղու մի կողմում կանգնած էր երեխայի հարազատներից մեկը, իսկ մյուս կողմում՝ մյուսը: Ուրախ տրամադրության, դիջեյի աշխույժ երաժշտության ներքո փոքրիկ մասնակիցները չոչ էին անում և փորձում հնարավորինս արագ անցնել մի քանի մետրանոց կարճ չոչուղին: Մրցույթին թույլատրվում էր բերել երեխայի սիրելի խաղալիքները կամ ցանկացած այլ իր, որոնցով հնարավոր էր գրավել, կանչել երեխային: Ծնողներն իրավունք չունեին հատել սահմանագիծը և դիպչել երեխային մրցույթի ընթացքում:

Փոքրիկները մրցում էին մի քանի խմբով: Մրցույթում հաղթածներից մեկը 1 տարեկան 3 ամսական Էլինան էր, ով ինչպես մայրիկը` Հասմիկն ասաց, տանն էլ շատ ակտիվ չոչորդ է: «Էլինան տանն էլ շատ ակտիվ է, ատամհատիկի ժամանակ էլ սպորտսմենի մասնագիտությունն է ընտրել: Սա նրա առաջին մրցույթն էր և առաջին հաղթանակը, և կարծում եմ, որ նմանատիպ մրցույթները հաճախակի կլինեն, որ մենք էլ մասնակցենք»,- նշեց Հասմիկը:

Միջոցառմանը ներկա էին նաև արդեն քայլող կամ դեռ չոչ չանող փոքրիկներ, ովքեր մասնակցում էին միջոցառման մյուս զվարճանքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am