Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ-ների ղեկավարները համագործակցության ծրագիր են հաստատել

Armenpress 18:28, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների չորրորդ համատեղ կոլեգիայի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համատեղ կոլեգիայի նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը. «Վերջին տարվա ընթացքում մեր կողմից կատարվել է լայնածավալ աշխատանք՝ ՀՀ ՔԿ գործունեության արդյունավետության բարձրացման համար: Ես նախաձեռնել եմ փոփոխություններ Հայաստանի քննչական կոմիտեի կառուցվածքում, որը վերջնական արդյունքում կհանգեցնի ջանքերի օպտիմալացման և հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարի»,- ընդգծել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն էլ իր ելույթում հատուկ ընդգծել է, որ երեք երկրների քննիչների համատեղ աշխատանքը չի սահմանափակվում միայն առանձին գործերի շրջանակներում արտասահմանյան գործընկերներից ստացված հանձնարարությունների կատարմամբ:

«Ռուսաստանում, Բելառուսում և Հայաստանում մշակվում են համատեղ միջոցառումներ ինչպես հանցավորության դեմ պայքարի, այնպես էլ` գիտական և ուսումնական գործունեության զարգացման համար:  Ինչպես գիտեք, մեր կողմից գործադրվել են մեծ ջանքեր` գործունեության տարբեր ուղղություններով մեր միջգերատեսչական համագործակցության ամրապնդման համար»,- ասաց ՌԴ ՔԿ նախագահը:

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչն իր ելույթում ընդգծել է, որ ժամանակն է թելադրում հանցագործությունների տարբեր տեսակների առաջացման, կանխման համաձայնեցված մոտեցումների, նրանց քննության համար առաջնային պրակտիկայի օպերատիվ փոխանակման անհրաժեշտության մշակումը:

Համատեղ կոլեգիայի նիստի ավարտին Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի ՔԿ ղեկավարները կնքել են համագործակցության ծրագրի մասին փաստաթուղթ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am