Տավուշում այս տարի քննվել է ապօրինի ծառահատումների հատկանիշով 73 քրեական գործ

Armenpress 17:50, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում միայն Տավուշի ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանց համակցությամբ պաշտոնեական հանցագործությունների հոդվածների հատկանիշներով քննվել է 73 քրեական գործ, որոնցից 14 քրեական գործ փոխանցվել է 2018 թվականից, իսկ 59 քրեական գործ հարուցվել է հաշվետու ժամանակաշրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նշված 73 քրեական գործերից 16 քրեական գործ՝ 17 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 4 քրեական գործի վարույթը կարճվել է, 25 քրեական գործի վարույթ կասեցվել է (հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով), 2 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ 8 քրեական գործ միացվել է 1 վարույթում:

Նշված ժամանակաշրջանում պաշտոնական հանցագործությունների (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կաշառք ստանալու, պաշտոնեական անփութության) հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի համակցությամբ, հարուցվել են 14 քրեական գործեր: Դրանցով 8 պաշտոնատար անձի («Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահներ) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն), որոնցից 2 քրեական գործ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: 

ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ովքեր մեղադրյալներ են ներգրավվել 1 քրեական գործի քննության շրջանակներում («Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղում 2018 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստով, նշված քրեական գործը գտնվում է քննության փուլում): 

Վարույթում գտնվող 73 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 395.643.850 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 4.202.860 ՀՀ դրամը: 

6.250.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով բավարարվել են հայցադիմումներ և կատարողական թերթերն ուղարկվել են ԴԱՀԿ»,- գրել է Աբրահամյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am