«Արարատ»-ն ընկերական խաղում ջախջախել է «Սևան»-ին

Armenpress 20:30, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ»-ը 2019/20 մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում այսօր ընկերական հանդիպում է անցկացրել Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Սևանի» հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ձորաղբյուրի մարզաբազայում կայացած խաղում Սերգեյ Բուլատովի գլխավորած թիմը ջախջախիչ՝ 9-0 հաշվով հաղթանակ է տարել։ «Սևանի» դարպասը 3 գոլ է խփել Դմիտրի Ռիժովը, Դենիս Շևչուկը և Ռազմիկ Հակոբյանն աչքի են ընկել մեկական անգամ, իսկ մյուս գոլերը հեղինակել են թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները։

Հուլիսի 14-ին «Արարատ»-ը Ձորաղբյուրում ընկերական հանդիպում էր անցկացրել Առաջին խմբի նորեկ «Վեստ Արմենիայի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել։ Հուլիսի 21-ին էլ երևանյան թիմը խաղալու է «Լոկոմոտիվ Երևանի» հետ։

«Սևանը» նախքան «Արարատի» հետ հանդիպումը խաղացել էր «Գանձասար-Կապանի» հետ և 2-4 հաշվով պարտություն կրել։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am