«Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցմանը

Armenpress 20:17, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 18-ին այցելել է «Իմ ուղի» ուսումնավերականգնողական կենտրոն, ուր ներկայումս հաճախում է աուտիզմ ունեցող 180 երեխա և երիտասարդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, փոխտնօրեն Կարինե Հարությունյանի, ուսմասվարների և սաների ծնողների հետ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, եղել դասասենյակներում ու ծանոթացել աուտիզմ ունեցող երեխաների առօրյային:

Վարչապետի տիկինն այցելել է նաև կենտրոնի նոր մասնաշենք, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի գործարկումից հետո կենտրոնը հնարավորություն կունենա ավելի շատ թվով երեխաներ ընդունել: Շրջայցից հետո Աննա Հակոբյանը հանդիպել է կենտրոնի աշխատակազմի և ծնողների հետ: Հանդիպմանը ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, ծրագրերն ու խնդիրները: Մասնավորապես, նշվել է, որ կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման համար ֆինանսական դժվարություններ կան, ինչին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը կաջակցի  շինարարության ավարտի համար անհրաժեշտ գումարի հարցում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am