Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին

Armenpress 18:31, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին, ով Հայաստանում է գտնվում մասնավոր այցով:

«Ուրախ և հպարտ ենք Ավստրալիայում Ձեր գործունեությամբ: Այսօր Դուք աշխարհում ամենաազդեցիկ հայ կանանցից մեկն եք և հաճելի է հանդիպելու հնարավորության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Գլեդիս Բերեջիկլյանի գործունեության արդյունքում էլ ավելի կզարգանան Հայաստանի և Ավստրալիայի հարաբերությունները ու կընդլայնվեն փոխադարձ հետաքրքրությունները:

Գլեդիս Բերեջիկլյանը վարչապետին շնորհավորել է Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումների կապակցությամբ և նշել, որ հայրենիքի իրադարձություններին ուշադրությամբ հետևում են նաև Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Նա ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հանրության շրջանում նկատում է մեծ ոգևորություն և ապագայի նկատմամբ հավատ:

Գլեդիս Բերեջիկլյանը ներկայացրել է իր գործունեությունը Նոր Հարավային Ուելս նահանգում և պատմել Ավստրալիայի հայ համայնքի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին:  

Գլեդիս Բերեջիկլյանը 2019թ. մարտի 23-ին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչը, ով վերընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում: Բերեջիկլյանի մեծ ծնողները Հայոց ցեղասպանությունից փրկված որբեր են եղել:

Նոր Հարավային Ուելսը Ավստրալիայի 8 նահանգներից մեկն է՝ մոտ 8 մլն բնակչությամբ, որից 5 մլն-ից ավելին բնակվում է նահանգի մայրաքաղաք Սիդնեյում։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է մոտ $53 հզ։ Նահանգն ապահովում է Ավստրալիայի տնտեսության 32,7%-ը, թեև բնակչության թվով 5-րդն է։ Տնտեսության 20% գյուղատնտեսությունն է, արտահանում է նաև քարածուխ, ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Սիդնեյում են կենտրոնացած ավստրալական խոշոր ՏՏ ընկերությունների գրասենյակները:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am