1000х90.jpg (78 KB)

«Երևանյան բեսթսելեր». «Հայկական հեքիաթներ»-ն առաջին հորիզոնականում է. Մանկական գրականություն

Armenpress 12:10, 19 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը» երկրորդ հորիզոնականում է: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Երրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Սակայն երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Արփի Մաղաքյանի «Երևանյան hեքիաթներ» գիրքը չորրորդ տեղում է: Այն Երևան քաղաքի պատմության փաստերի մասին հետաքրքրական էքսկուրս է՝ երևակայական լուծումներով։ Գրքի 8 հեքիաթներից յուրաքանչյուրում ընթերցողը՝ անկախ տարիքից, կգտնի Երևան քաղաքի մասին հետաքրքրական փաստեր ու պատմություն, որոնց անձամբ կարող է ծանոթանալ՝ այցելելով հեքիաթներում նկարագրված պատմական վայրերը։ Արփի Մաղաքայանը գտել է ընթերցողին Երևանի պատմությանը ծանոթացնելու, Երևանը նորովի բացահայտելու կախարդական լուծում, ինչը գրքին նաև փաստագրական հմայք է հաղորդում։ Թեթև կարդացվող, հեքիաթային նկարազարդմամբ գիրքը՝ Երևան քաղաքի մասին գրված առաջին հեքիաթաշարն է, որն իրականության, հորինվածքի և երազի գեղեցիկ համադրում է։

Հինգերորդ տեղում է Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին է. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների, և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

Վեցերորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» յոթերորդ տեղում է: Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը (1907-2002) հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ. և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» ութերորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» իններորդ հորիզոնականում է: Լուիս Քերոլը՝ Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:

Տասներորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +1

«Հայկական հեքիաթներ»

GSM 47 2 *

Ջաննի Ռոդարի

«Երկնագույն նետը»

Զանգակ 38 3 -2

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 34 4 նոր Արփի Մաղաքյան «Երևանյան հեքիաթներ» հեղ.հրատ 34 5 *

Ջաննի Ռոդարի

«Հեքիաթներ հեռախոսով»

Զանգակ 30 6 -2 Հովհաննես Թումանյան «Հեքիաթներ» GSM 30 7 * Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին» Զանգակ 28 8 -3 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» Զանգակ 25 9 *

Լուիս Քերոլ

«Ալիսը հրաշքների աշխարհում»

Զանգակ 25 10 -3 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» Զանգակ 20


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am