Իջևանի բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկվել է 200 աշխատատեղ. առաջարկը չի ընդունվել

Armenpress 15:08, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իջևանում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին 200 աշխատատեղի առաջարկ է արվել, բայց մերժել են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս ժամանակահատվածում, երբ ինտենսիվ կերպով տեղի է ունենում ճանապարհաշինարարություն, շինարարները բողոքում են աշխատուժի պակասից: Տավուշի մարզպետը պայմանավորվել է, կարող եմ կոնկրետ ասել «Արարատ ճանշինի» հետ պայմանավորվածություն է եղել ընդունել մարդկանց աշխատանքի: Ընդհանուր, տարբեր տեղերում, ոչ միայն ճանապարհաշինության մեջ մարզպետը 200 աշխատատեղի մասին էր խոսում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Այսինքն՝ այդ մարդիկ, որ ասում էին՝ մենք մեր հացի փողն ենք աշխատում, 200 հոգի կարող են ընդունվել աշխատանքի՞»:

Ի պատասխան Սուրեն Պապիկյանը դրական պատասխան  և ավելացրեց, որ նրանք չեն արձագանքել մարզպետի առաջարկին, ասելով՝ մենք ունենք մի պահանջ և դա պետք է կատարվի:

Միաժամանակ, նախարարն ասաց, որ առաջարկված աշխատատեղերի աշխատավարձերը տատանվել են 200-250 հազար դրամի սահմաններում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am