Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանը

Armenpress 14:52, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ նրան արդյունավետ դիվանագիտական առաքելություն մաղթելով Հայաստանում:

Նշելով, որ հնագույն մշակույթի և քրիստոնեական արժեհամակարգի կրող հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ունեն դարերի պատմություն՝ Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը փոխշահավետ կապերն ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Դեսպան Պարեխան ասել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում ՝ նշելով, որ գործունեության ընթացքում գրեթե ամենուր հանդիպել է հայերի, որոնց հանդեպ ունի շատ ջերմ վերաբերմունք: Նա ընդգծել է, որ իր գործունեությունը մասնավորապես ուղղված կլինի Հայաստանն ու Իսպանիան իրենց մշակույթով, պատմությամբ և ներդրումային հնարավորություններով փոխադարձորեն ավելի ճանաչելի դարձնելուն, ինչպես նաև գործարար կապերի, տարբեր ոլորտներում ակտիվ շփումների հաստատմանը նպաստելուն:

Զրուցակիցները հատկապես ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժը՝ նշելով, որ հայերն ու իսպանացիներն իրենց համար շատ բան կարող են բացահայտել Հայաստանում և Իսպանիայում: Հեռանկարային է համարվել նաև փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am