Սպենդիարյանի տուն-թանգարանում հյուրընկալվեց Նորքի տուն-ինտերնատի 30 բնակիչ

Armenpress 12:25, 18 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վաղուց արդեն թանգարաններն ընդլայնել են իրենց գործունեության շրջանակները՝ նկատի ունենալով հանրության պահանջներն ու ակնկալիքները, ինչ-որ դեպքերում անգամ ձևավորելով դրանք։ Այս սկզբունքը որդեգրողներից մեկն էլ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն է, որտեղ հերթական անգամ նախաձեռնվել է սովորականից տարբեր նախագիծ՝ հատուկ շրջայց-համերգ տարեցների համար։ Նախագծի շրջանակում մեծ սիմֆոնիստի տանը հյուրընկալվեց Նորքի տուն-ինտերնատի 30 բնակիչ։ Նպատակը նրանց համար ինտելեկտուալ ժամանց կազմակերպելն էր և առօրյան նոր տեղեկություններով ու երաժշտությամբ յուրահատուկ դարձնելը¸ ինչպես նաև տուն-թանգարանում տարիքային և սոցիալական տարբեր խմբերի համար իրականացվող ծրագրերի ընդլայնումն ու շարունակականությունն ապահովելը։

«Սպենդիարյանն ինչքան գործ է արել հայերիս համար, որ էլի նոր բան իմացա։ Շատ լավ պատմեցիք։ Շատ շնորհակալ եմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր տպավորություններն այսկերպ ձևակերպեց տիկին Վիոլետան։  

«Փոքր¸ սիրուն թանգարան է՝ ջահել աշխատակիցներով։ Նրանք¸ ջահել երաժիշտների հետ միասին¸ մեզ համար տոնական օր սարքեցին»,- կարծիք հայտնեց պարոն Հակոբը։

«Էնքան շնորհակալ եմ տեսած-լսածիս համար։ Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին։ Ինչ լավ ու տաղանդավոր երեխեք ուենենք, շատ լավ երգեցին։ Ապրե՛ն»,- եզրափակեց պարոն Գագիկը։

Նախաձեռնությունը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանինն էր¸ իրականացմանը սիրով միացել են «Խարույկ» վոկալ-գործիքային քառյակ և «Gasparyan’s Artists» վոկալ խումբը (գեղ. ղեկ. Նալլի Գասպարյան) և երգիչ-երաժիշտ Անուշիկ Ստեփանյանը։ Նորքի տուն-ինտերնատի տնօրինության անմիջական ու գործուն արձագանքն էլ չի ուշացել։

Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը նշեց. «Տուն-թանգարանը նմանատիպ նախագծեր է իրականացել տարբեր ժամանակներում, հերթականը հնարավոր դարձավ մասնավոր աջակցությամբ։ Համատեղ ջանքերը միշտ ավելի մեծ արդյունք են տալիս։ Պիտի շարունակենք ու փորձենք առավել բազմակողմ դարձնել մեր գործունեությունը և ավելի նպաստել տարբեր տարիքային և սոցիալական խմբերի մշակութային կյանք ներգրավմանը»։

««Խարույկ» արշավական ակումբում լինելով՝ ավելի մտերմացանք։ Ժամանակի հետ խարույկի շուրջ երգեցողությունն ինքնաբերաբար մեզ դարձրեց վոկալ-գործիքային քառյակ։ Արդեն երեք տարի է¸ ինչ կանք ու երգում ենք տարբեր առիթներով։ Իսկ տուն-թանգարանում տարեցների համար ելույթը՝ մեզ նվեր էր, չէ որ նպաստեցինք ուրախ տրամադրություն ստեղծելուն։ Շնորհակալ ենք նման հնարավորության համար»¸- նշեց համերգային մասն ապահոված խմբի ֆլեյտահար Արուս Պողոսյանը։

«Gasparyan’s Artists» վոկալ խմբի գեղարվեստական ղեկավար Նելլի Գասպարյանն էլ պատիվ համարեց իր սաների հետ բարեգործական ծրագրին մասնակցելը. «Յուրաքանչյուրս է պարտավոր սերունդների միջև կապն ակտիվ պահել ու նպաստել նաև մշակութային հաստատությունների գործունեության հարստացմանը։ Այնպես որ, մեզ համար լավ առիթ էր այս ծրագրին մասնակցելը»։

Նանա Պետրոսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am