«Հայաստանի Հանրապետություն». Աննա Հակոբյանը հայկական բրենդը ներկայացնում է նաեւ Հայաստանից դուրս

Armenpress 09:27, 18 Հուլիս, 2019

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «#ԱրտադրվածէՀայաստանում #Կրենքհայկականը». ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հեշթեգն է: Այդ գրությունը պարտադիր հաջորդում է այս կամ այն պաշտոնական այցի կամ հանդիպման ժամանակ իր կրած զգեստի մասին տրվող տեղեկատվությանը` «Զգեստը` … բրենդի»: Մեր կողմից դրված բազմակետերի փոխարեն, իհարկե, անպայմանորեն հայկական բրենդի անուն է նշվում:

Թերթը զրուցել է մի քանի բրենդի ներկայացուցիչների հետ, որոնց հագուստը վարչապետի կինը կրել է արտասահմանյան այցերի ժամանակ: Օրինակ, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հակոբյանը վարչապետին ուղեկցել է «Diana Eyvonah» բրենդի հագուստով: Դիզայներ Դիանա Հովեյանը   խոսելով արձագանքների մասին` ասել է. «Որքանով ես եմ կարողացել հետեւել եւ որքանով ես եմ տեղյակ` արձագանքները դրական են եղել: Զգեստը հավանել են: Որքանով գիտեմ, տիկին Աննան էլ շատ է հավանել ու սիրով կրել է»:

«Զարգարյան» բրենդի դիզայներ Աննա Զարգարյանն էլ հիմա նոր զգեստի էսքիզի շուրջ է մտորում: Ուզում է երեկոյան նուրբ զգեստ կարել Աննա Հակոբյանի համար, որպեսզի պաշտոնական այցերից որեւէ մեկի ժամանակ կրի: Դա իր նախաձեռնությունն է: Մեկ օրինակ է լինելու, այլեւս որեւէ մեկի համար նույնը չի կարելու: Արդեն պատկերացնում է` նուրբ, դասական զգեստ է լինելու` հայկական զարդանախշերով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am