Վարչապետը պարզաբանել է որոշ քրեական գործերի ընթացքի դանդաղումը

Armenpress 21:29, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քննչական մարմինների հագեցվածությունը, ընթացակարգերը, փորձագիտական կարողությունները նախատեսված չեն, որ պատշաճ ժամանակահատվածում որոշ քրեական գործերը ավարտին հասցվեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են  հասարակությանը հայտնի որոշ կոռումպացված  նախկին պաշտոնյաներ ազատության մեջ:

«Համաձայն եմ և դժգոհության հեղինակներից մեկը առաջին հերթին ես եմ: Ասեմ, որ կա այսպիսի մի դիլեմա նաև: Առաջինը, որ որևէ մեկը չի կասկածում, որ մենք ունենք քաղաքական կամք այդ երևույթների դեմ վճռական պայքար տանելու համար, սակայն այստեղ շատ կարևոր է նաև մեզ համար, որը կարևոր ձեռքբերումների մեկը համարեցի, ժողովրդավարությունը:  Շատ կարևոր է, որ այդ գործընթացը կառուցենք այնպես, որ Հայաստանի ժողովրդավարական իմիջը և ժողովրդավարությունը մեր երկրում չտուժի»,-ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը այստեղ տեսնում է նաև ընթացակարգային խնդիրներ:

«Օրինակ՝ կան քրեական գործեր, որոնք 7,8 9 ամիս առաջ չեն գնում, և գործընկերներիս այդ մասին ասում եմ, և նրանք տալիս են մի այսպիսի պատասխան, որ մեղադրանքը պետք է փորձաքննությամբ հաստատվի:  Կա քրեական գործ, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Երևան քաղաքի Կենտրոնում ունի 80-100 անշարժ գույք, որոնց մի մասը սեփականշնորհված մանկապարտեզներ են և այլն, և այլն: Հարցնում եմ, թե ինչու այս գործը առաջ չի գնում, ինձ պատասխանում են, որ վնասը պետք է գնահատել, իսկ վնասը գնահատելու համար պետք է բոլոր շենքերի և անշարժ գույքերի փորձաքննություն անցկացվի:  Իսկ անշարժ գույքերի փորձաքննություն անցկացնելու համար, քանի որ մեր երկրում համապատասխան տեխնիկա չկա, փորձագետը այդ գույքի մակերեսը մետրերով է չափում: Եվ սա ընդամենը մի օրինակ է»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ քննիչները նշում են, որ Հայաստանում փորձագիտական կարողություններ չկան:

« Պարզվում է, որ մեր քննչական մարմինների հագեցվածությունը, ընթացակարգերը, փորձագիտական կարողությունները նախատեսված չեն, որ պատշաճ ժամանակներում այդ պատասխանները տան»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am