Ադրբեջանի նախագահի հետ թեժ գիծը աշխատում է, սակայն չի երաշխավորում, որ զոհեր չեն լինելու. Փաշինյան

Armenpress 21:27, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև թեժ գիծը աշխատում է, բայց դա, ցավոք, չի երաշխավորում, որ շփման գծում զոհեր չեն լինելու:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մենք աշխատում ենք դրա համար, որպեսզի բանակցությունները ունենան հստակ արդյունք: Ինչու՞ բանակցությունները չունեն հստակ արդյունք: Ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, երբ ուզում եմ նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցությունները առաջ չեն գնում, ասում եմ, որ ընդամենը կա մեկ պատճառ և մեկ նախադասություն: Երբ ընտրվեցի ՀՀ վարչապետ, Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի  Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա աննախադեպ հայտարարություն էր մեր իրականության մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար չի ասել, որ որևէ լուծում պետք է նաև Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի  լինի:

Սա շատ կարևոր հայտարարություն է և լուրջ հիմք է ստեղծում բանակցային առաջընթացի համար: Հետևաբար, ինչո՞ւ չկա այդ առաջընթացը, շատ պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանի նախագահը նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել: Նա էլ պետք է ասի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի համար»,- ընդգծեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ քանի դեռ այդ նախադասությունը Ադրբեջանի կողմից չի հնչել,  նշանակում է՝ բանակցությունները արդյունավետ չեն:

«Հետևաբար, որևէ մեկը, որ մտածում է, որ Ղարաբաղի հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար և ընդունելի չլինել  Ղարաբաղի ու Հայաստանի  ժողովրդի համար, նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ էլ Հայաստանի ժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am