Երևան-Սևան ավտոճանապարհին ձորն ընկած բեռնատարի վարորդը մահացել է

Armenpress 21:21, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 17-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝Լ.Ս., ծնված 1945 թ.) բախվել է ճանապարհին կայանած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝Ա.Ջ.), ինչի հետևանքով «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 15 մ): «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am