Իսպանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Armenpress 19:56, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իսպանիայի դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխային (Fernando Valderama de Pareja, նստավայրը` Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպան Պարեխային Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական երկխոսության ակտիվացմանը, միջգերատեսչական համագործակցության խորացմանը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպմանը, առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

«ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց  ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները, մասնավորապես, ՀԸԳՀ շրջանակներում։

Դեսպան Պարեխան իր հերթին կարևորեց երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ներկայացնելով Հայաստանում իր ապագա գործունեության հիմնական գերակայությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am