Արման Թաթոյանը հրատապ է համարում ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների խնդրի լուծումը

Armenpress 17:42, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներից հատկապես հրատապ է համարում բժշկական ոլորտում ծառայությունների մատուցման հարցը, որի լուծումն, ըստ նրա, անբավարար է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին Թաթոյանը հայտնեց հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքին վերաբերող  լուրջ խնդիրներ կան, որոնք  հրատապ լուծումներ են պահանջում: Մենք խնդիրներ ունենք կապված բժշկական անձնակազմի անկախության հետ: Այսօր քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձինք չեն վստահում բժիշկներին: Դա պայմանավորված է նրանով, որ տարիներ ի վեր առկա համակարգը այնպես է  կառուցված եղել, որ բժիշկը դիտվել է որպես ուսադիրներով մարդ, այլ ոչ բժիշկ»,- նշեց Թաթոյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ անցյալ տարի ստեղծվել է քրեակատարողական բժշկական կենտրոն, որը, սակայն, առայժմ գործում է միայն թղթի վրա։ «Այժմ միջոցներ են ձեռնարկվում կենտրոնի աշխատանքներն ակտիվացնելու համար, բայց դրանք անհրաժեշտ է արագացնել»,- ընդգծեց Թաթոյանը:

 Նա կարևորեց կադրերի պակասն ու անբավարար պատրաստվածությունը, իսկ որոշ քրեակատարողական հաստատություններում երբեմն՝ բժիշկների բացակայությունը։ «Սոցիալական ցածր երաշխիքները, ցածր աշխատավարձերը թույլ չեն տալիս որակյալ մասնագետներ ներգրավել քրեակատարողական հիմնարկներում»,- շեշտեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am