Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին ԵՀ –ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ

Armenpress 15:35, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  

«Ջերմորեն շնորhավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով:

Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եւրոպական միության հետ այսօր ունի հարաբերությունների հարուստ և ընդգրկուն օրակարգ: Մենք հատկապես կարևորում ենք Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն մեր կապերի հետագա ամրապնդմանը, այլ նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքին:

Հայաստանը եղել և մնալու է Եվրոպական միության հուսալի գործընկերը:  Համոզված եմ, որ մեր ընդհանուր արժեքները, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները, որոնք հանգեցրեցին ժողովրդավարության և օրենքի գերակայության հաղթանակին, վստահելի հիմք են հանդիսանում մեր հարաբերությունների հետագա կատարելագործման և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն և արդյունավետ գործունեություն Եվրոպական հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնում»,-ասված է շնորհավորական ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am