Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարարի հետ

Armenpress 15:24, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին հանդիպել է Իռլանդիայի՝ երեխաների և երիտասարդության հարցերով նախարար Քեթրին Զափոնեի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունների խորացման համար զգալի ներուժ կա, և հետաքրքրություն հայտնել համագործակցության համակողմանի զարգացմամբ: Այս առումով քննարկվել են միջազգային հարթակներում, հատկապես՝ ՄԱԿ-ում, փոխգործակցության ընդլայնման, խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, տնտեսական օրակարգի ձևավորման և այլ հարցեր:

Տիգրան Ավինյանն առանձնացրել է Իռլանդիայի հետ ՏՏ ոլորտում գործընկերության հաստատման հեռանկարները, ինչի համար պատեհ առիթ կարող է հանդիսանալ Երևանում հոկտեմբերին անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը: Փոխվարչապետը խոսել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին, որը դարձել է Հայաստանի յուրօրինակ բռենդը աշխարհում և մեծ ներդրում ունեցել երեխաների ու երիտասարդների կրթամշակութային զարգացման գործում:

Քեթրին Զափոնեն նշել է, որ հաշվի առնելով իռլանդական մեծաքանակ սփյուռքին ներգրավելու գործում իրենց ունեցած հաջողությունները, Իռլանդիան պատրաստակամ է իր փորձով ու գիտելիքներով կիսվել   հայաստանյան գործընկերների հետ:

Կողմերը քննարկել են նաև ԵՄ-Հայաստան համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում փոխվարչապետը առանձնացրել է մարդկային կապերի զարգացումը և ընդգծել ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարևորությունը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am