Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

Armenpress 14:28, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից, Հռոմի Սրբազան Քահանայապետի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար, նշել, որ Հայաստանում է գտնվում երկրի համար պատմական փուլում և Սուրբ Աթոռի աջակցությունն է հատնել երկրում իրականացվող բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել նվիրակի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել Հայաստանի ու Վատիկանի միջև անկեղծ ու ջերմ երկխոսությանը նպաստելու համար: Փոխնախարարը նաև վստահություն է հայտնել, որ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի փորձն ու իմաստնությունը էլ ավելի կխթանեն երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև ավելի կսերտացնեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ոլորտում համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am