Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան տոնի առթիվ

Armenpress 09:51, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հուլիսի 17-ին, ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մեծ է Ձեր դերակատարությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ձեր կառավարման օրոք Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավելի ամրապնդեց իր տեղն ինչպես Եվրամիությունում, այնպես էլ ողջ աշխարհում: Անհնար է անտեսել Ձեր նվիրվածությունը գիտությանը, կրթությանը, նոր տեխնոլոգիաներին, որի վառ ապացույցն են այն բազմաթիվ գնահատականները, որոնց Դուք արժանացել եք աշխարհի առաջատար համալսարանների կողմից:

Անհերքելի է Ձեր մեծ ներդրումը հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Վերջին տարիներին Ձեր հետևողական ջանքերի շնորհիվ առավել ակտիվ և բովանդակալից է դարձել մեր երկրների համագործակցությունը:

Հավատացած եմ, որ հետագայում ևս հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ շարունակելով նպաստել մեր երկրների գիտության, նոր տեխնոլոգիաների և մեզ հոգեհարազատ քվանտային ֆիզիկայի զարգացմանը»,- ասված է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանն Անգելա Մերկելին մաղթել է առողջություն և հաջողություն հետագա գործունեության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am