Հայաստանը սկզբունքային է աշխարհում իր գլոբալ դերակատարումն ունենալու հարցում. KCW Today-ի անդրադարձը

Armenpress 09:08, 17 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի սահմաններից դուրս՝ Հայաստանի Դիլիջան քաղաքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը շարունակում է արձագանքներ ստանալ համաշխարհային մամուլի էջերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, բրիտանական «Kensington Chelsea & Westminster Today» պարբերականն իր հուլիսի համարում ստվարածավալ հոդված է նվիրել հունիսի 7-9-ն անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

«Չափազանց ակնհայտ է, որ մարդկանց և քաղաքական գործիչների միջև անջրպետն արագորեն մեծանում է: Մեր առաջնորդների նկատմամբ վստահության, հավատի և հույսի պակասի խնդիրը կարիք ունի լուծման: Կապը մարդկանց հետ, ինչպես նաև կառավարության հետ մեր ինտեգրումը լուրջ անկում է ապրում: Անհրաժեշտ է, որ մեր երկրների ամենասուր ուղեղները գործի անցնեն և զբաղվեն այս խնդրով: Քաղաքական գործիչները պետք է համագործակցեն մարդկանց հետ: Մենք այլևս պատրաստ չենք լինելու նրանց թատրոնի հանդիսատեսը: Մենք կարիք ունենք «Մտքերի գագաթնաժողով»-ի»,- այս խոսքերով է սկսում հոդվածը «Kensington Chelsea & Westminster Today»-ը:

Պարբերականի լրագրողը, որն անձամբ է մասնակցել գագաթնաժողովի աշխատանքներին, նշում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և «Մտքերի գագաթնաժողով»-ի համահիմնադիր Թիերի Մալըրեի ջանքերով կազմակերպված այդ խոշոր միջոցառումը մեկ հարկի տակ էր հավաքել աշխարհի շուրջ 300 նշանավոր մտածողների ու գործիչների՝ ստեղծելով ինտելեկտուալ կապիտալ ունեցող յուրօրինակ թինք-թանք, որտեղ փորձ էր արվում հասկանալ ու բարելավել մեր աշխարհը:

Հեղինակը նշում է, որ հարուստ պատմական և մշակութային ավանդույթներ ունեցող Հայաստանը հարուստ է հիասքանչ մարդկային ինտելեկտուալ կապիտալով: «Երկիրը տնտեսական ու հասարակական հեղափոխության կենտրոնում է և սկզբունքային՝ աշխարհում իր գլոբալ դերակատարումն ունենալու հարցում՝ հաշվի առնելով երկրի ավանդական ուժը գիտության, ստեղծարարության և ինտելեկտուալ կարողությունների գործում:

Երբ ուսումնասիրում ես նախագահ Սարգսյանի փորձառությունը, հասկանալի է դառնում, թե ինչու է այս կարևոր գագաթնաժողովը հավաքել այսքան շատ համաշխարհային մտածողների, փորձագետների ու առաջնորդների: Նա ունի պետական կառավարման որակ, որը խիստ հազվադեպ է մեր օրերի քաղաքականության մեջ: Նա համարվում է սիրված նախագահ և վայելում է իր ժողովրդի հավատարմությունն ու խորը հիացմունքը, և ինչպես ասաց մասնակիցներից մեկը. «Հանձին նրա՝ կա մի իրական մարդ, ով հանգիստ է իր զգացմունքներում և չի կարող հոգնել»»,-  նշում է պարբերականի լրագրողը:

Նա պատմում է, որ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի թեմատիկ քննարկումները խիստ բազմազան էին՝ ժամանակակից Մերձավոր Արևելքի մարտահրավերներից, էներգետիկ, արժութային և ներդրումային քաղաքականությունից, համաշխարհային ռիսկերի ու քաղաքականության քվանտային բնույթից մինչև արհեստական բանականություն, թվային տնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, ձեռնարկատիրություն և նորարարություն:

«Գագաթնաժողովը հաջողված միջոցառում էր: Մարդիկ պարզապես հիանալի էին: Նրանց տեսլականները, համաշխարհային քաղաքականության, շրջակա միջավայրի, հումանիտար, տնտեսական և կրթական հարցերի շուրջ միասին աշխատելու պատրաստակամությունը՝ ազդեցիկ և ոգեշնչող:

Ժամանակն է, որ մենք էլ կազմակերպենք Միացյալ Թագավորության «Մտքերի գագաթնաժողով» և առաջ մղենք մեր երկրի ինտելեկտուալ կապիտալը: Արևելքի ու Արևմուտքի ազդեցությունն արագորեն փոխում է համաշխարհային քաղաքականության դինամիկան: Մենք պետք է վերականգնենք և ամրացնենք մեր դերն ու հարգանքն այստեղ, ինչպես նաև ավելի լիարժեքորեն մասնակիցը դառնանք այս միջազգային կենսական փոփոխություններին»,- եզրափակել է հոդվածը «Kensington Chelsea & Westminster Today»-ի լրագրողը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am