Դեսպան Փոլադյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահի հետ

Armenpress 18:33, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հուլիսի 15-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների ժողովի նախագահ Մուհամեդ Ռիկան Հադիդ ալ Հալբուսիին (Mohammed Rikan Hadeed al-Halboosi):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական համագործակցության բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ժողովրդավարական մշակույթի փորձառության փոխանակման նպատակով երկու երկրների խորհրդարաններում ձևավորված հայ-իրաքյան բարեկամության խմբերի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, դեսպան Փոլադյանն անդրադարձել է նաև ապագայում Իրաքի խորհրդարանում իրաքահայ համայնքի ներկայացված լինելու հնարավորություններին՝ ընդգծելով երկրի ազգային և կրոնական փոքրամասնությունների խճանկարում համայնքի ունեցած մեծ դերը և նշանակությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am