Վարչապետն ընդունել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին

Armenpress 17:34, 16 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, «Nouvelles d'Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել և կարևորել է Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությունը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, ֆրանսահայ կենսունակ համայնքի ակտիվ և համակարգված աշխատանքի հարցում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունները որակական նոր փուլ են մտել, և պետք է համատեղ աշխատել՝ այդ կապերն էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնելու, Սփյուռքի հսկայական ներուժը մեր երկրի տնտեսության զարգացման և արդյունաբերացման գործընթացում ներգրավելու համար: Վարչապետի խոսքով՝ այդ նպատակով էլ Սփյուռքի նախարարությունը վերակազմավորվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, և կառուցվածքային այդ փոփոխությունը լիովին համապատասխանում է կառավարության որդեգրած՝ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման քաղաքականությանը:

Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ընդունելության համար և անդրադարձել Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը: Նա նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները և զարգացումները մեծ ոգևորություն են առաջացրել Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում, և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդն իր պատրաստակամությունն հայտնում օժանդակել ՀՀ իշխանություններին՝ Հայաստանի զարգացմանը միտված բարեփոխումների իրականացման, հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա սերտացման, Հայրենիք-Սփյուռք կապերի շարունակական զարգացման գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am