Գալիք տարի սոցիալական ապահովության ոլորտին կտրամադրվի մոտ 487 մլրդ դրամ

Armenpress 19:30, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սոցիալական ապահովության ոլորտին 2020 թվականին կտրամադրվի շուրջ 486 մլրդ 905  մլն դրամ: Դա ներառում է նաև կենսաթոշակների արդեն հայտարարված բարձրացման գումարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված՝ բնագավառի ֆինանսական հատկացումների վերաբերյալ քննարկմանը:

«Բյուջեի բացվածքը դեռ ամբողջությամբ հրապարակված չէ: Դրանից հետո մենք պատրաստ ենք նաև ծրագրերի ցուցանիշները համատեղ քննարկելու: Այս պահին միայն կարող ենք ասել, որ սոցիալական ոլորտին տրամադրվելու է շուրջ 486 մլրդ 905 մլն դրամ, որը նաեւ ներառում է կենսաթոշակների բարձրացման գումարը»,- ասաց Բաթոյանը:

Արդյունավետության բարձրացման նպատակով մի շարք ծրագրերը միավորվել են: Կարեւոր է համարվել տարեցներին, երեխաներին, հաշմանդամներին, կանանց վերաբերող ծրագրերի հասցեականությունը: Լուրջ բարեփոխումներ կլինեն համայնքների ներքո գործող սոցիալական ծառայությունների ոլորտում. դրանք կանցնեն նախարարության ենթակայության:

Մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի ճանաչման մասին» օրենքի նախագիծ, որը, նախարարի հավաստմամբ, բնագավառը խորքային փոփոխության է ենթարկելու: Նրա հավաստմամբ՝ կարիքի գնահատման գործընթացն արդեն մեկնարկել է: Պատրաստվել է նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծ, որով հստակ սահմանվել են նրանց իրավունքները. դրույթներից մեկով լուծվում է տրանսպորտի եւ շինությունների ու այլ վայրերի մատչելիության խնդիրը: Օրենքի պահանջը չապահովելու համար նախատեսվել է տուգանք:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարության առաջնահերթություններից է նաեւ տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am