1000х90.jpg (78 KB)

ՃՈ-ն ուժեղացված ծառայության իրականացմանը ներգրավել է ուղղաթիռ

Armenpress 17:07, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճանապարհային ոստիկանությունը հուլիսի 14-ին աննախադեպ ուժեղացված ծառայություն իրականացրեց Երևան-Սևան ավտոճանապարհին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հանրապետության հենց այս հատվածում էին կենտրոնացվել ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ:

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ, ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայությանը ներգրավել էր նաև «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության ուղղաթիռը: Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն ու ուժեղացված ծառայությանն էին հետևում ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը: Հայտնաբերվեցին բազմաթիվ օրինախախտ վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Ոչ սթափ վիճակում գտնվող, միտումնավոր խախտումներ կատարող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք:  Ուղղաթիռի ներգրավվածությունը օգնում էր ճանապարհային ոստիկանությանը հայտնաբերել նաև օրինախախտ այն վարորդներին, որոնց կատարած խախտումների պահին այդ վայրում չկար ճանապարհային ոստիկանության կարգախումբ:  ՀՀ ոստիկանության ու «Արմենիան Հելիքոփտերս» կազմակերպության համագործակցության շրջանակում ուղղաթիռներ կկիրառվեն ոչ միայն ճանապարհային ոստիկանության ծառայության, այլև ոստիկանության այլ միջոցառումների ընթացքում: Հուլիս-օգոստոս ամիսներին՝ հատկապես հանգստյան օրերին ու Վարդավառին սպասվում է հովեկների մեծ հոսք դեպի Սևանա լիճ: Քաղաքացիների անվտանգ հանգիստը ապահովելու նպատակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրերին ուղղաթիռներ ներգրավել ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am