Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին

Armenpress 14:27, 15 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է ակտիվ փոխգործակցության արդյունքում զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձել ՀՀ-ում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի,  եկամուտների,  ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը և այլ հարցերի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am