«Անհետացած քաղաքների հավաքածու» կանադական կինոնկարը «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրում է
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված «Անհետացած քաղաքների հավաքածու» կինոնկարում 215 բնակիչ ունեցող Իրենե-լե-Նեժ մեկուսի փոքրիկ քաղաքում ավտովթարի հետևանքով մահանում է Սիմոն Դյուբեն: Ցնցված բնակիչները դժկամությամբ են քննարկում ողբերգության հանգամանքները: Դրանից հետո Դյուբե ընտանիքի, ինչպես և քաղաքապետ Սմոլվուդի ու մի խումբ մարդկանց համար ժամանակը, կարծես, կորցնում է իմաստը, և օրերը ձգվում են անվերջ: Ինչ-որ բան է դանդաղ իջնում քաղաքի վրա. ողբի այդ օրերին մշուշի մեջ օտարականներ են սկսում երևութանալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 13-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել ժապավենի գլխավոր դերակատար Լարիսա Կորիվուի հետ, որն ասաց` առաջին անգամ է համագործակցում ռեժիսոր Դընի Կոտեի հետ, որը քասթինգների միջոցով չի ընտրում իր դերասանական խմբի անդամներին. նա դերասաններին ընտրում է լուսանկարների միջոցով:
Ռեժիսորը Կորիվուին ֆիլմում նկարահանվելու առաջարկ է արել դերասանուհու «Ֆեյսբուք»-ի էջն ուսումնասիրելով:
«Դընի Կոտեն իր ֆիլմերում սիրում է հարցեր տալ, բայց հազվադեպ` պատասխաններ. ահա թե ինչու յուրաքանչյուր հանդիսատես կարող է յուրովի մեկնաբանել ֆիլմն ու հասկանալ այն: Իսկ ինձ համար կինոնկարն այն վախի զգացողության մասին է, որն առաջանում է մեզ համար անհասկանալի, անբացատրելի երևույթներին հանդիպելիս»,-ասաց դերասանուհին:
Նա խոստովանեց, որ շեշտը չեն դրել հերոսների հոգեբանության վերլուծության վրա և կարևորել են տեխնիկական ասպեկտները:
Անդրադառնալով իր կերպարին` Կորիվուն ասաց, որ Ադելը վախենում է ամեն ինչից:
«Երբ ռեժիսորի հետ խոսում էինք այս կերպարի մասին, նա ասաց, որ փորձեմ խաղալ այնպես, որ Ադելը չվերածվի սարսափած գյուղական խեղկատակի: Այդ նպատակով անհրաժեշտ էր չկմկմալ և երբեմն թարթել աչքերը: Խոստովանեմ, որ մեծ կինոյում սա իմ առաջին դերակատարումն է: Հիմնականում խաղում եմ թատրոնում: Այս ֆիլմի միջոցով սովորեցի շատ չվերլուծել կերպարն ու այն անցկացնել իմ պրիզմայով»,-նշեց Լարիսա Կորիվուն:
Դերասանուհին ասաց, որ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում դիտել է մի քանի ֆիլմ: Նրան հատկապես դուր են եկել ռուսական «Լողլողը» և վրացական «Հարևաններ» ժապավենները:
Խոսելով Հայաստան այցի մասին` Կորիվուն հավաստիացրեց, որ դեռ տասը տարի առաջ էր ցանկանում հյուրընկալվել մեզ: «Շոյված եմ ձեր հյուրընկալությունից, հավանում եմ կազմակերպած միջոցառումները: Շատ սիրեցի ծիրան միրգը: Եղել եմ Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Շշմելու է նրա արվեստը, զարմանալի, տպավորված եմ իրապես»,-եզրափակեց Կորիվուն:
«Անհետացած քաղաքների հավաքածու» ֆիլմը ցուցադրվել է նաև Բեռլինի միջազգային կինոփառատոնում և մեծ հետաքրքրություն առաջացրել: