Աշոտ Ղուլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ծրագրով Արցախ ժամանած երիտասարդներին

Armenpress 19:15, 12 Հուլիս, 2019

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ ամառային ուսանողական ծրագրով Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների, ովքեր փորձուսուցում են անցնում հայկական տարբեր կառույցներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել ԱՀՀ ղեկավար կազմին և, մասնավորապես, Արփի Վարդանյանին՝ ամեն տարի հայ երիտասարդներին հայրենիք բերելու և Արցախին ծանոթացնելու համար: Աշոտ Ղուլյանը համոզմունք է հայտնել, որ այս օրերին ստացած փորձն ու տեղեկությունները երիտասարդները հետագայում կօգտագործեն իրենց նահանգներում և քաղաքներում Արցախի միջազգային ճանաչման աշխատանքն առաջ մղելու համար:

ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար և ներկայացրել այցի ծրագիրն ու հիմնական ուղղությունները:

Այնուհետև Ազգային ժողովի ղեկավարը պատասխանել է երիտասարդների հարցերին՝ անդրադառնալով խորհրդարանի գործունեությանը, Արցախի բյուջետային համակարգի ծրագրավորմանը և տնտեսական զարգացման առաջնահերթություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am