Հավատ, պայքար հանուն լուսավոր ապագայի. «Լողլողը» ժապավենը երևանյան մեծ էկրանին է

Armenpress 16:06, 12 Հուլիս, 2019

 ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արտադրության «Լողլողը»  կինոնկարը, որում նկարագրվում են 1945 թվականին Լենինգրադում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 12-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել գլխավոր դերակատարներից մեկի` դերասանուհի Վասիլիսա Պերելեգինայի հետ և զրուցել ֆիլմի, նրա դերակատարման մասին:

«Կարծում եմ, հաճախ, երբ բառերով ենք փորձում ներկայացնել ֆիլմը, ակամայից այն պարզունականացնում ենք:  Ըստ իս` այս կինոնկարը ինչ-որ չափով պատմություն է այն մասին, թե ինչպես են կանայք հաղթահարել պատերազմը, դրա հետևանքները: Այստեղ անդրադարձ կա մարդկային լուրջ փոխհարաբերություններին, նրան, թե ինչպես են մարդիկ միմյանց փրկում, փնտրում, գտնում, հաճախ սխալվում»,-նշեց Պերելեգինան:

Խոսելով իր մարմնավորած հերոսուհու մասին` դերասանուհին ասաց, որ Մաշան  նոր է վերադարձել պատերազմից. ամբողջ ժապավենի ընթացքում փորձում է նորովի կառուցել իր կյանքը, փորձում է հավատալ, գտնել այն, ինչը կարող է փրկել իր ապագան,  լուսավոր դարձնել: Մաշան հավատում է հրաշքներին:

Պերելեգինան ասաց, որ դերասանական կազմի հետ ներդաշնակ մթնոլորտում են աշխատել: «Նկարահանումների ընթացքում հաճախ են բարդ իրավիճակներ ստեղծվել: Հենց այդ ժամանակ ենք հասկացել, որ աջակցում ենք միմյանց, սատարում ենք` հաղթահարելով դժվար փուլերը: Մի պահ ինձ թվում էր, թե նկարահանումներից հետո ստիպված եմ լինելու վերականգնողական կուրս անցնել, բարեբախտաբար, դրա կարիքը չեղավ»,-նշեց նա ու խոստովանեց, որ այնուամենայնիվ, եղել են մարդիկ, որոնց հետ աշխատելն այնքան էլ դյուրին չէր:

Անդրադառնալով առհասարակ դերասանական արվեստին` Պերելեգինան ընդգծեց, որ իր համար էական նշանակություն ունի ինչպես կինոն, այնպես էլ թատրոնը: Սիրով նկարահանվում է ֆիլմերում ու խաղում բեմում: «Չեմ կարող հստակ ձևակերպել, թե ինչն է թատրոնի ու կինոյի տարբերությունը, բայց այն կա, գոյություն ունի: Ես երկուսն էլ սիրում եմ»,-շեշտեց նա:

«Լողլողը» ֆիլմում ներկայացվում է Լենինգրադը 1945 թվականին: Երկրորդ աշխարհամարտը հասել է քաղաքը՝ ավերելով շինություններն ու բնակիչներին թողնելով բարոյական ու ֆիզիկական սնանկության մեջ: Թեև վերջապես ավարտվել է պաշարումը, որ պատմության մեջ վատթարագույններից էր, կյանքն ու մահը շարունակում են կռիվ տալ քաղաքից մնացած ավերակների վրա: Երկու երիտասարդ կին՝ Իյան ու Մաշան, ավերակների մեջ իրենց կյանքը վերակառուցելու պայքարում իմաստ և հույս են փնտրում:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am