1000х90.jpg (78 KB)

Շիրակում կոռուպցիոն հանցագործություններով պատճառված վնասի հայտնաբերման ցուցանիշները բազմապատկվել են

Armenpress 19:32, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 121.5 մլն ՀՀ դրամ, որն ավելի քան 7 անգամ գերազանցում է 2018թ. նույն ժամանակահատվածի արդյունքը (17 մլն ՀՀ դրամ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 42 քրեական գործ: Այս ցուցանիշը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, նշված 42 քրեական գործերն էլ հարուցվել են Շիրակի մարզի դատախազության դատախազների կողմից:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 14-ն արձանագրվել է կրթության, 13-ը՝ տեղական ինքնակառավարման, 1-ը՝ կադաստրային, 1-ը զորակոչային, 2-ը՝ գյուղատնտեսության, 1-ը բանկային, 1-ը առողջապահության, 1-ը սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտներում, իսկ 8 դեպք վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և դրանց տարբեր համակցությունների տեսքով:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 27 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոն թվում են համայնքների 2 ղեկավար, դպրոցների 6 տնօրեն, 2 փոխտնօրեն, 5 ուսուցիչ, ՀՀ Շիրակի մարզպետարանի 5 և Գյումրու քաղաքապետարանի 3 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի 1 տնօրեն, 3 քաղաքացի, որոնք օժանդակել են պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանը: Ընդ որում, նշված անձանցից միայն 4-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 7 անձի վերաբերյալ 4 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 2 քրեական գործ, որոնցով 2 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 121.5 մլն ՀՀ դրամ, որից 49 մլն ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Ընդ որում՝ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասի չափը ավելի քան 7 անգամ գերազանցում է 2018թ. նույն ժամանակահատվածի արդյունքը (17 մլն ՀՀ դրամ): Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

Բացի այդ, դատարանում ավարտված 3 քրեական գործերով բավարարել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ դատախազների կողմից ներկայացրած ամբողջ հայցը՝ ընդհանուր  մոտ 11 մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործընթաց:

2019 թվականի 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին և Գյումրու քաղաքապետին ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 22 միջնորդագրեր, որոնցից 8-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 153 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցկացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների և այլ ոլորտներ:

Դրանց արդյունքում կատարվող ուսումնասիրություններով 81 տնտեսվարող սուբյեկտների դատախազության կողմից տրվել են նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 39 մլն ՀՀ դրամ գումար, որը 3.5 անգամ գերազանցում է 2018թ. առաջին կիսամյակում պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում բացահայտված ամբողջ վնասի չափը՝ (11 մլն ՀՀ դրամ):     



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am