Հայաստանն ու Իսրայելը շատ նմանություններ ունեն. ՀՀ-ում տոնեցին Իսրայելի անկախության տարեդարձը

Armenpress 00:14, 11 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու Իսրայելն ի զորու են հարաբերությունները նոր աստիճանի բարձրացնել․ ՀՀ-ում Իսրայելի դեսպան  Էլիավ Բելոցերկովսկին էլ գտնում է, որ երկու պետությունները շատ նմանություններ ունեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 10-ին Երևանում տեղի ունեցավ Իսրայելի անկախության 71-րդ տարեդարձին նվիրված միջոցառում։

Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկին ընդգծեց՝ Իսրայելի և Հայաստանի միջև բազմաթիվ են նմանությունները․ «Եվ մեր պատմության, և մշակույթի մեջ շատ-շատ են ընդհանուր, միասնական  դրվագներն ու փոխադարձ շփումները: Իսրայելի և Հայաստանի միջև նմանությունների ցանկն իսկապես տպավորիչ է և երկար: Երկուսս էլ փոքր ազգեր ենք՝ հինավուրց պատմությամբ և գտնվում ենք աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջաններում»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով՝ երկու ազգի նկատմամբ էլ բնաջնջման փորձ է եղել։

Դեսպանը շեշտեց՝ երկու պետություններն էլ մեծ դեր են տալիս կրթությանը, նաև երկուսն էլ մեծ սփյուռք ունեն: Նա մեծ պատիվ համարեց, որ հատկապես այս առանձնահատուկ երկրում է դեսպան: 4 տարի առաջ տիկնոջ հետ այցելել են Հայաստան, այցելել են հինավուրց վանքեր, եկեղեցիներ, սակայն շեշտեց, որ այցելության լավագույն մասը շփումն էր սրտաբաց ու հյուրընկալ ժողովրդի հետ։ Նա շեշտեց՝այդ այցից հետո համոզված էին, որ վերադառնալու են Հայաստան:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը  նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանի և Իսրայելի հարաբերություններում ակտիվացում է նկատվում: «Կարծում եմ, որ մեր հարաբերություններն ի զորու են բարձրանալ նոր աստիճանի»,-ասաց փոխնախարարն ու նշեց, որ ուրախ է, որ Բելոցերկովսկիին են նշանակել Հայստանում դեսպան, նա հմուտ դիվանագետ է և այս առումով ակնկալիքներ ու հույսեր կան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am