1000х90.jpg (78 KB)

Նախարարը Սևանա լճի մակարդակի չբարձրանալու պատճառ է նշում Ջրային կոմիտեի կողմից ջրառի մեծ պահանջարկը

Armenpress 12:10, 9 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի մակարդակի չբարձրանալու համար կան մի քանի բաղադրիչներ: Դրանցից մեկն այն է, որ Ջրային կոմիտեի կողմից ջրառի պահանջարկը եղել է շատ ավելի մեծ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին:

Աբրահամյանը նկատեց, որ տարիներ շարունակ թեև պետբյուջեից ափամերձ տարածքների մաքրման համար հսկայական գումարներ են ներդրվել, սակայն աշխատանքները նորմալ չեն կատարվել: Նա նկատեց, որ 2012-ից ի վեր լճի մակարդակի զգալի բարձրացում ևս չէր եղել:

«Սևանա լճի մակարդակը թե ինչու չէր բարձրացել, մի քանի բաղադրիչներ կային: Մեկը, որ ջրառի պահանջարկը Ջրային կոմիտեից եղել է շատ ավելի մեծ: Քրեական գործեր են հարուցվել ջրօգտագործող կազմակերպությունների նկատմամբ՝ 2.8 մլրդ դրամի տարբեր կեղծիքներ կատարելու և, կեղծ պայմանագրեր կնքելով, լրացուցիչ ջրառի առաջարկ ներկայացնելու համար»,-ասաց Գրիգորյանն ու հույս հայտնեց, որ գործի արդյունքում որոշակի բաներ կբացահայտվեն:

Նա նաև նշեց, որ ափամերձ տարածքների մասով վերլուծություն կատարել են, ուղարկել են դատախազություն, որը նույնպես որոշակի գործողություններ կիրականացնի:

Նախարարը նշեց, որ մաքրման ենթակա ափամերձ տարածքների մաքրումը կիրականցնեն այս և առաջիկա երկու տարվա ընթացքում՝ ավելի մեծ ծավալներով: Այդ հարցը քննարկել են վարչապետի աշխատակազմի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am