Բանակի սննդակարգում փոփոխություններ են սպասվում. ներդրվել է պիլոտային ծրագիր

Armenpress 17:13, 5 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար այց էր կազմակերպել ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ սննդի մատակարարումը պետք է կազմակերպի մասնավոր կազմակերպությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը պիլոտային է և իրականացվելու է Հայաստանի 24 զորամասում: Մտահղացման հեղինակը «Մեդիտեք» ընկերությունն է, որի տնօրենը Անուշավան Խաչատրյանն է: «Ծրագիրը ՀՀ վարչապետին ներկայացրել ենք 2018 թվականին: Նրա կողմից հավանության արժանացավ, ինչից հետո անցանք բոլոր փուլերով՝ Կառավարության որոշում, տարբեր ուսումնասիրություններ, թույլտվություններ: 2019 թվականի փետրվարի 21-ին Կառավարությունը թույլ տվեց իրականացնել պիլոտային ծրագիրը: Սկզբնական փուլում սննդի մատակարարումը մեր կազմակերպությունն է կատարելու»,- ասաց Խաչատրյանը:

Ընդհանուր առմամբ «Մեդիտեք» ընկերությունը ծրագիրը պետք է իրականացնի 24 զորամասում, սակայն դեռևս 4-ում է արվել: Պայմանագիրը ստորագրվել է մայիսի 12-ին, իսկ գործընթացը սկսել է հունիսի 2-ից: «Քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ են եղել այս ոլորտի մասնագետների և ընկերությունների հետ, որոնք, իմ կարծիքով, կընդգրկվեն այս ծրագրում: Մեզ հետ 3 տարով պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ պետք է հնարավորինս արագ սնունդը փոփոխենք ու բարելավենք, ճաշարաններն էլ վերանորոգենք»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ այն զորամասերի ճաշարանները, որոնք ոչ այնքան բարվոք վիճակում են, դեռ 3-4 ամիս կաշխատեն նույն շենքում, իսկ այդ ընթացքում կկառուցվեն նորերը:

«ՊՆ-ն որոշակի գումար է վճարում մեզ յուրաքանչյուր զինվորի համար։ Սակայն մենք էլ մեր կողմից ավելի քան 1.5 մլրդ ՀՀ դրամ գումար ենք ներդնելու ծրագրի իրականացման համար»,- ընդգծեց «Մեդիտեք» ընկերության տնօրենը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար փոխգնդապետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց զորամասում հունիսի 28-ից` սննդի մատակարարումն իրականացնում է մասնավոր ընկերությունը։ «Սննդի որակից զինվորները դժգոհ չեն, ճաշացանկում փոփոխություններ են արվել` աղցանների, մրգերի ու բանջարեղենի տեսականին է ավելացել»,- ասաց փոխգնդապետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կտա զորամասին` նա շեշտեց, որ բանակի ուսերից մի փոքր բեռ կընկնի, քանի որ գնումներով, պահեստավորումով և սննդի պահպանման պայմաններով զբաղվելու է պիլոտային ծրագրում ներգրավված ընկերությունը, այլ ոչ թե զորամասի անձնակազմը: Փոխգնդապետ Հակոբյանի պնդմամբ` վերահսկողությունը մնացել է նույնը, այսինքն` իրականացվելու է զորամասի կողմից, և զորամասն է սննդի որակի պատասխանատուն։

Նորակոչիկ Ռուբեն Սաֆարյանը, ով ընդամենը 3 օրվա ծառայող է, հասցրել է համտեսել մասնավոր կազմակերպության կողմից մատակարարվող ուտելիքները ու շատ գոհ է մնացել: «Ուտելիքը շատ համեղ է, սննդարար, գրեթե տան ուտելիքից չի տարբերվում: Ամեն ինչ էլ ուտում ենք՝ աղցաններ, ապուրներ, մսերի տեսականի»,- նշեց զինվորը:

Լրագրողները նույնպես համտեսեցին կազմակերպության կողմից մատակարարվող սնունդը` սպաս, խարչո, կոտլետ՝ մակարոնի հետ, խաշլամա, 2 տեսակի աղցան և բնական հյութ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am