Պոլսո պատրիարքարանում ընտրվեց պատրիարքի տեղապահը

Armenpress 13:05, 4 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է հայկական «Ակոս»-ը ֆեյսբուքյան գրառման միջոցով:

Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել պատրիարքի տեղապահի ընտրություն: Երկու թեկնածուներն էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Ակոս»-ի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Մաշալյանը ստացել է 13, իսկ Աթեշյանը՝ 11 ձայն:

2019թ. մարտի 8-ին պատրիարք Մութաֆյանի մահից հետո սկսվել է մի գործընթաց, որը պետք է ավարտվի նոր պատրիարքի ընտրություններով: Հունիսի 18-ին Կ.Պոլսի Հայոց պատրիարքության Կրոնական ժողովի որոշմամբ պատրիարքի տեղապահի ընտրությունների օր էր նշանակվել հունիսի 27-ը: Սակայն, Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրության համաձայն ընտրությունները հետաձգվեցին մինչև հուլիսի 4-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am