1000х90.jpg (78 KB)

«Երևանյան բեսթսելեր». «Տառապանքից դեպի կյանք»-ն ամենապահանջվածն է. հայ գրականություն. հունիս, 2019

Armenpress 11:47, 5 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Լիլիթ Նազարյանի «Տառապանքից դեպի կյանք» վիպակը: Շատերս մեր կյանքի ընթացքում կարող ենք բախվել այս ընտրության հետ՝ սպանե՞լ, թե՞ կյանք պարգևել։ Կյանքն ու մահն այս դեպքում մեր իսկ ձեռքերում են։ Ընտրությունը մերն է. գուցե կյանք պարգևելով հանճար տանք աշխարհին։ Այս վիպակի մեջ արծարծվում է հետևյալ հարցը՝ վերարժևորելով մարդու՝ որպես բարձրագույն արժեքի ապրելու իրավունքը։

Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը:  «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի  վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, և դեռևս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն,  որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը․ որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ 

Երրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը չորրորդ հորիզոնականում է: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Հինգերորդ հորիզոնականում է Էլյա Համբարձումյանի «Էլիկո» գիրքը: Գիրքն սկսվում է հեղինակի մանկության հուշերից, որտեղ կոշիկ չունենալը առավելություն էր՝ հմտորեն ծառ բարձրանալու համար, որտեղ հնդկական կինոդիտմանը մասնակցելու համար փոքրիկ անկարգը գնում էր խորամանկությունների, շատ հաճախ հայտնվում էր ծիծաղաշարժ պատմությունների կիզակետում, որտեղ նրա մանկության քաղաքը՝ Հոկտեմբերյանը, ամենագեղեցիկն էր, ու որտեղի պաղպաղակի ու կորժիկի համը նրա քիմքը պահում է մինչ օրս։

Վեցերորդ հորիզոնականում է Պարույր Սևակի «Ընտիր էջեր» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքում ընդգրկվել են «Հայաստան», «Երգ եռաձայն», «Քիչ ենք, բայց հայ ենք», «Հայրենիք», «Ու եթե հայր եմ», «Որդուս», «Վանք մեծաց», «Իբրև սկիզբ», «Միանգամից», «Ապրել» և այլ հայտնի գործեր:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Վահրամ Սահակյանի «Ատյան ողբերգության» վեպը ութերորդ հորիզոնականում է: Վեպի գլխավոր հերոսը հենց ինքը գրողն է, ով անընդհատ հանդիպում է հասարակության տարբեր շերտերի մարդկանց հետ և կենդանի ու առողջ երկխոսությունների մեջ մտնում նրանց հետ։ Այս գրքում հեղինակը հատկապես երիտասարդներին փորձում է ասել, որ պետք չէ հավատալ որևէ մեկին, պետք չէ տպավորվել, որովհետև այս կյանքում բոլորն ունեն շահեր և նպատակներ։ Պետք է մոռանալ կարծրատիպերը։

Դավիթ Սամվելյանի «Արտագաղթած կարոտ» էսսեների և պատմվածքների ժողովածուն իններորդ հորիզոնականում է: Կյանքում միշտ կամ մենք ենք հեռանում, կամ մեզնից են հեռու գնում: Հեռացումները միշտ ուղեկցվում են արցունքներով՝ ուրախության կամ տխրության, սակայն երբեմն էլ հոգիդ է լալիս իր անտես աչքով... Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...

Տասներորդ տեղում Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին: «Ցտեսություն, Ծիտ»-ը հեղինակի առաջին վեպն է, որում ներկայացված են բանակից զորացրված տղայի՝ Ծտի մտորումները:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 նոր

Լիլիթ Նազարյան

«Տառապանքից դեպի կյանք»

Արտագերս 250 2 -1

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 147 3 -1

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 66 4 -1

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 63 5 նոր

Էլյա Համբարձումյան

«Էլիկո»

Զանգակ 27 6 -5

Պարույր Սևակ

«Ընտիր էջեր»

Արեգ 24 7 +2

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 21 8 -5

Վահրամ Սահակյան

«Ատյան ողբերգության»

Արմավ 21 9 -4

Դավիթ Սամվելյան

«Արտագաղթած կարոտ»

Էդիթ Պրինտ 17 10 -4

Արամ Պաչյան

«Ցտեսություն, ծիտ»

Էջ 12


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am