1992թ. Մարաղայի ինքնապաշտպանությունը. ՄԱՍ 2

Armenpress 19:19, 2 Հուլիս, 2019

Նախորդ հոդվածում ներկայացրել էինք Լենինավանի՝ Մարգուշավան և Մարաղա գյուղերի, ինքնապաշտպանության առաջին փուլը, Ադրբեջանի զինված ստորաբաժանումների իրականացրած ցեղասպանական գործողության հետևանքները գյուղի և մարաղացիների ճակատագրի վրա: Սակայն Մարաղայի ռազմական գործողությունները չեն սահմանափակվել միայն ապրիլի 10-ով։ Հայկական ինքնապաշտպանական ջոկատների համառ պայքարի շնորհիվ 1992 թ. ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը Մարաղան կրկին հայերի վերահսկողության տակ անցավ։ Ինքնապաշտպանական մարտերը փոխադարձ հաջողություններով շարունակվեցին մինչև 1992 թ. հունիս: Հունիսին Ադրբեջանը նախաձեռնեց լայնածավալ հարձակողական գործողություններ ռազմաճակատի հյուսիսային՝ Շահումյանի և Մարտակերտի, ուղղությամբ, որի թիրախներից մեկը կրկին դարձավ Մարաղան:

Իրադրությունն Արցախում Ադրբեջանի հունիսյան հարձակումից առաջ

1992թ. ապրիլին իրավիճակը Արցախում շարունակում էր լարված մնալ. ընդհանուր առմամբ, ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվում էին ռազմական գործողությունները։ Արցախյան գոյապայքարի տարեգրության մասին իր գրքում Բ. Ուլուբաբյանը գրում է, որ ապրիլի 17-ից Ադրբեջանը ուժեղ ռմբակոծության տակ էր պահում Շահումյանի շրջանը, շարունակում էին նույն ինտենսիվությամբ ռմբակոծել նաև Ստեփանակերտը։

 

1992 թ. փետրվարին Խոջալու գյուղի (ներկայումս՝ վանյան) և Ստեփանակերտի օդանավակայանի ազատագրմամբ ու ապաշրջափակմամբ  ապահովվել էր օդային միջանցքը Ստեփանակերտի համար: Արդեն մայիսի 8-ին Շուշիի ազատագրմամբ հաջողվեց դադարեցնել նաև քաղաքի ռմբակոծությունը և ճանապարհ բացել դեպի Լաչին (ներկայումս՝ երձոր): Մայիսի 17-18-ին Լաչինի ազատագրումը ապահովեց Հայաստանի Հանրապետության և Արցախի ցամաքային կապը:

Այսպիսով, 1992 թ. մայիսի վերջին հաջողվել էր ցամաքային և օդային կապ ապահովել Հայաստանի Հանրապետության հետ՝ միաժամանակ վերացնելով թիկունքից Արցախի մայրաքաղաքին սպառնացող վտանգը:

Ադրբեջանն, իր հերթին, մասնավորապես մայիսի վերջից հունիս ընկած ժամանակահատվածում սկսել էր մեծ ուժեր կենտրոնացնել Արցախի հյուսիսային և արևելյան շրջանների ուղղությամբ։ Բանակի համալրման նպատակով 1992 թ. ապրիլ-հունիս ամիսներին Ադրբեջանում հայտարարվել էր առաջին պարտադիր զորակոչը, որը հետագայում երկարաձգվեց մինչև օգոստոս:

Մարաղայի ինքնապաշտպանությունը կոտորածից հետո մինչև Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը

Ինչպես արդեն նշել ենք, ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերն Արցախի ինքնապաշտպանական ուժերը կարողացել էին ազատագրել Մարաղան: Փաստացի այդ շրջանում գյուղն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ մնացել էր ընդամենը մի քանի ժամ: Ապրիլի 10-ից հետո ադրբեջանական կողմը մի քանի անգամ փորձեր է իրականացնել գրավելու Մարաղան, սակայն դրանք հաջող ինքնապաշտպանության շնորհիվ ձախողվել են:

Մայիսի 10-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումները ապրիլից հետո երկրորդ անգամ համեմատաբար մեծաքանակ ուժերով հարձակվել են Մարաղայի վրա։ Դեպքերի վավերագիր Լ.Մ.Շահնազարյանը նշում է, որ 2-րդ խոշոր հարձակման ժամանակ ադրբեջանական ստորաբաժանումները 13 պատանդ են տարել իրենց հետ։ Այս ընթացքում, սակայն, գյուղը գրավել նրանց կրկին չի հաջողվել:

«Ապրիլի 10-ը մեզ համար դաս էր արդեն։ Բնակիչներին տարհանել էինք. հարևան Մաղավուզ գյուղում էին ապրում, իսկ Մարաղայում միայն զինված տղաներն էին։ Ադրբեջանցիները նույն [զին]տեխնիկան էին կիրառում [որն օգտագործել էին ապրիլի 10-ին]։ Արդյունքում կարողանում են մտնել գյուղ»,- պատմում է կամավորական ջոկատի հրամանատար Ռոմա Կարապետյանը։ Նա նշում է, որ մայիսյան հարձակման ժամանակ ադրբեջանցիները ականապատ դաշտում մի քանի միավոր տեխնիկա են կորցրել։ Մեհման Ալեքբերովը, որը Գյանջայի (Գանձակ) «ինքնապաշտպանական գումարտակի» հրամանատարն էր, իր հուշագրություններում նշել է, որ իրենք մայիսի 10-ին մեծ թվով զոհեր են ունեցել և ստիպված են եղել նահանջել։

Մայիսի 10-ի հարձակման արդյունքում Մարգուշավանն ու Մարաղան անցել էին ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ 2 օր անց՝ մայիսի 12-ին, հայկական ինքնապաշտպանական ուժերը կարողացան ազատագրել գյուղերը [Ղարաբաղյան ազատագրական պատերազմ, 1988-1994. Հանրագիտարան: Տեսածրված տարբերակ

Մայիսի 10-ի հարձակումից հետո մինչև հունիս ընկած ժամանակահատվածում այս մասշտաբի խոշոր հարձակումներ չեն արձանագրվել, սակայն ռազմաճակատի ողջ երկայնքով լարվածությունը պահպանվում էր, իսկ ադրբեջանական կողմը շարունակում էր զորքեր կուտակել հատկապես Արցախի հյուսիսային և հարավարևելյան շրջանների ուղղությամբ, մասնավորապես, ռազմաճակատի Շահումյանից մինչև Հադրութ տարածվող հատվածում:

Ադրբեջանն ու Հայաստանը հունիսյան լայնամասշտաբ գործողության նախօրեին

1992 թ. մայիսի վերջից սկսած` Ադրբեջանում նախկին կամավորական գումարտակների հիմքի վրա սկսել էին ձևավորվել զորամասեր՝ Ադրբեջանի ՊՆ ենթակայությամբ: Դրանցից մեկը մայիսի 20-ի հրամանով ստեղծված Եվլախի 123-րդ գունդն  էր, որի կազմում ներառվել էր 5 գումարտակ, այդ թվում՝ Գյանջայից (Գանձակ-Կիրովաբադ): 1992թ. ապրիլ-մայիսին, երբ 123-րդ ստորաբաժանումը նոր էր ձևավորվում, նախկին ԽՍՀՄ ներքին զորքերի՝ Կիրովաբադում տեղակայված 104-րդ օդադեսանտային դիվիզիայի զինծառայողներն էին իրականացնում ստորաբաժանման ռազմական պատրաստությունը [MilHistory]։ Մյուս ուշագրավ փոփոխությունն այն է, որ 1992 թ. հունիսից Ադրբեջանի նախագահ էր ընտրվել ազգայնական «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Աբուլֆազ Ալիևը (Էլչիբեյ): Մինչ այդ Ադրբեջանում պաշտպանության նախարարությանը ենթակա ստորաբաժանումներից զատ մեծ ուժ էին ներկայացնում նաև հենց «Ժողճակատ»-ին ենթակա ստորաբաժանումները, որոնք Էլչիբեյի օրոք միավորվում են ընդհանուր բանակային ստորաբաժանումների հետ:

Ուկրաինացի պատմաբան Միխայիլ Ժիրոխովը գրում է, որ ադրբեջանական ուժերը պատրաստված անձնակազմ և համապատասխան ռազմական տեխնիկա ունեին լայնամասշտաբ հարձակումը իրականացնելուց առաջ, իսկ այդ «հարստության» միակ հնարավոր աղբյուրը, ըստ նրա, նախկին ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի միավորներն էին: Ըստ հեղինակի՝ 1992թ. հունվար-ապրիլի ընթացքում ադրբեջանցիների ձեռքն էր անցել խորհրդային 4-րդ համազորային բանակի սպառազինությունից 14 տանկ, 96 ՀՄՄ, ավելի քան 40 ԶՓ և ԲՌԴՄ, «Գրադ»-ի 4 արձակման կայանք։ Այս զինտեխնիկան միանգամից հայտնվել է ռազմաճակատում՝ ստեղծելով կրակային ուժի գերակայություն ադրբեջանական կողմում։

Իր հուշագրություններում Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), որն այդ ժամանակ Արցախի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր, գրում է, որ Ադրբեջանը հունիսին ԽՍՀՄ նախկին 4-րդ բանակից ստացել էր 4 դիվիզիա, ինչի շնորհիվ էլ միանգամից սկսել էր լայնամասշտաբ գործողությունը։ Նա ևս նշում է, որ 1-ին էշելոնում նախկին խորհրդային 23-րդ դիվիզիայի տանկերն էին՝ փորձառու անձնակազմով, որոնց վարձել էր Ադրբեջանի ՊՆ-ն [Аркадий Тер-тадевосян, Анализ Боевых Действий В Арцахе (Июль 1991-июль 1992 Гг., ссылка)]: Պատերազմի մասնակից, ադրբեջանցի ռազմական փորձագետ Մ. Վելիմամեդովը իր հոդվածում նշում է, որ 1992 թթ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ 123-րդ գունդը նոր էի կազմավորվում, 104-րդ ՕԴԴ-ի անձնակազմն էր վերապատրաստում գնդի զինվորներին։

Միջազգայնագետ Էդգար Էլբակյանը, իր գրքում անդրադառնալով 1992թ. գարուն-ամառ ժամանակահատվածի ռազմական գործողություններին, նշում է, որ Շուշիի ու Լաչինի ազատագրումը հաղթանակի պատրանք էր ստեղծել հայկական ինքնապաշտպանական ջոկատների շրջանում, և կամավորներից շատերը լքել էին մարտադաշտը։ Ըստ Է. Էլբակյանի՝ ակնհայտ էր, որ ռազմաճակատի կարգավորման հին մեխանիզմը, հատկապես՝ ջոկատային պայքարը, սպառել էր իրեն, և թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում հասունացել էր այն միտքը, որ առանց կանոնավոր զորամիավորումների հաղթանակն անհնար է։ ՀՀ-ում 1992թ. հունվարի 28-ին «ՀՀ պաշտպանության նախարարություն» ստեղծելու մասին որոշում էր կայացվել, իսկ արդեն օգոստոսի 12-ին Ստեփանակերտում կառավարությունը զորակոչի մասին օրենք ընդունեց։

Ի տարբերություն պաշտպանության բանակի, ինչպես արդեն նշել էինք, Ադրբեջանում առաջին զորակոչի և համընդհանուր զորահավաքի որոշումն ընդունվել էր 1992 թ. ապրիլին՝ շարունակվելով մինչև օգոստոս: Ուստի հունիսյան հարձակումը սկսելիս ադրբեջանական զինուժը հայկական ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ առավելության ուներ ոչ միայն զինտեխնիկայի քանակի և տեսակի, այլև՝ հետևյալ գործոնների հաշվին՝

Ադրբեջանական կողմից կռվում էին նաև վարձված զինվորականներ Մասնավորապես Եվլախի զորամասի զինծառայողների պատրաստությունն իրականացնում էին նախկին խորհրդային 104-րդ ՕԴԴ-ի զինծառայողները Արդեն իսկ սկսվել էր զորակոչը և կանոնավոր բանակային ստորաբաժանումների կազմավորման փուլը

Ինչպես նշում է Կոմանդոսը, 1992թ. հունիսյան ռազմական գործողությունների սկզբնական շրջանում Մարտակերտի  պաշտպանության պատասխանատուն Վագիֆ Գայստյանն էր։ Նույն ուղղությամբ ինքնապաշտպանությունն իրականացնում էին «Ազատագրական բանակ» աշխարհազորային ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը և ՀՀ ՊՆ «Հատուկ գնդի» հրամանատար Վլադիմիր Կարապետյանը։ Բ. Ուլուբաբյանը Վ. Կարապետյանին նշում է որպես Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանության հրամանատար։ Հունիսի 17-ին զոհվում են հրամանատարներ Վ. Գալստյանն ու Վ. Կարապետյանը:

Հրամանատարների զոհվելու հաջորդ օրը Կոմանդոսն այցելել է Մարտակերտ՝ կազմակերպելու շրջանի պաշտպանությունը։ Այդ օրը, ինչպես ինքն է նշում իր հուշագրության մեջ, նրանց է միացել նաև ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտուշ Հարությունյանը՝ իր հետ բերելով նաև չորս սպա՝ Մարտակերտի պաշտպանությունը կոորդինացնելու համար։ Նշենք, որ 1992-1993 թթ, Ա. Հարությունյանը ղեկավարել է հայկական ուժերը Մարտակերտի, Հադրութի և հարավարևելյան (Լաչինի միջանցք և Գորիսի շրջան) օպերատիվ ուղղություններով։ Վ. Գալստյանի և Վ. Կարապետյանի զոհվելուց ընդամենը մի քանի օր անց՝ հունիսի 21-ին, զոհվել էր նաև Լ. Ազգալդյանը:

Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի հարձակումը. հունիսյան մարտերը և Մարաղան

1992թ հունիսի 12-ից Արցախի սահմանամերձ շրջաններում կուտակված ադրբեջանական կազմավորումները լայնածավալ հարձակում ձեռնարկեցին ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այս հարձակումից հետո գործողությունների ծանրության կենտրոնը տեղափոխվեց Ասկերանի, Մարտակերտի և Շահումյանի շրջանների ուղղություններով։

Մ. Վելիմամեդովն իր «Ղարաբաղյան պատերազմի ուրվագծեր» գրքում նշում է, որ Շահումյանը գրավելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումների նպատակը արդեն «Աղդարայի» (Մարտակերտ) գրավումն էր։ Գործողությունը կատարվելու էր 3 ուղղություններով.

Գորանբոյի (1991 թ. հունվարի 15-ի որոշմամբ Ադրբեջանի ԽՍՀ գերագույն խորհուրդը լուծարել է Շահումյանի շրջանը և այն բռնակցել սահմանակից ադրբեջանաբնակ Կասում-Իսմայիլովի շրջանին՝ համանուն քաղաքը և նորաստեղծ շրջանը վերանվանելով Գորանբոյի շրջան: Շահումյանի շրջանի ղեկավարությունը որոշումը ճանաչել է ապօրինի և այն չի իրագործվել): Թարթառի շրջան Քելբաջարի (Քարվաճառ) շրջան    

Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը թշնամու ձեռքն էր անցել Թալիշը, իսկ հունիսի 16-ին համառ դիմադրությունից հետո ընկել էր Շահումյանը, որի գրավմամբ Ադրբեջանը փաստացի ավարտին հասցրեց 1991 թ. գարնանը «Օղակ» գործողությամբ սկսված Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ամբողջական հայաթափման և բռնակցման գործընթացը («Օղակ» գործողությունն ավելի մեծ թվով հայկական բնակավայրեր էր ընդգրկում, այդ թվում՝ Խորհրդային Հայաստանի տարածքում, ինչպես նաև Արցախում, բացի նշված շրջաններից, Հադրութի, Շուշիի շրջանները, այդ թվում՝ Բերդաձորի ենթաշրջանի և այլ շրջանների հայկական գյուղերը):

Գրքի հեղինակի բնորոշմամբ՝ գլխավոր նպատակը Արցախի ողնաշարը կազմող արևմտյան և կենտրոնական շրջանները գրավելը և Քարվաճառ (Քելբաջար) - Մարտակերտ (Աղդարա) - Թարթառ (Տերտեր) ճանապարհի վրա վերահսկողություն սահմանելն էր։ Ըստ ծրագրի՝ սա ադրբեջանական կողմին օգնելու էր նպաստավոր պայմաններ ստեղծել Ուրախաչ (Ուլուբաբ) բարձունքը գրավելու համար, որը մեծ ռազմավարական նշանակություն ուներ` Ստեփանակերտի, Խոջալուի և Ասկերանի ուղղությամբ հարձակումը հաջողությամբ շարունակելու և պատերազմում կտրուկ բեկում մտցնելու տեսանկյունից:

Թարթառի (Տերտեր) ուղղությամբ մարտական գործողություններին մասնակցել են 703-րդ մոտոհրաձգային բրիգադը՝ գնդապետ Նեջմեդին Սադիգովի ղեկավարությամբ (1993 թ.-ից Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետ), 778-րդ հատուկ նշանակության գումարտակը (հրամանատար՝ մայոր Վիկտոր Մուդրակ. Մինչև ադրբեջանական կողմն անցնելը՝ Բաքվում տեղակայված ԽՍՀՄ բանակի 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 777-րդ հետախուզական գումարտակի հրամանատար: Ադրբեջանական կողմ անցնելուն զուգահեռ անօրինական կերպով վերջիններիս է փոխանցել նաև գումարտակի սպառազինությունը), Ռոֆշան Ջավադովի գլխավորած ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները, 235 և 224-րդ գումարտակները, Բարդայի և Խանլարի աշխարհազորային ջոկատները, Մինգեչաուրի և Գորանբոյի 1-ին և 2-րդ գումարտակները, ինչպես նաև «Ազադլըխ» (հրամանատար՝ Ալյամշախ Մամեդով) և «Գուրթուլուշ» (հրամանատար՝ Շահին Թաղիև) ջոկատները։

Քարվաճառի շրջանից ծավալված գործողությունները ղեկավարել է գնդապետ Զադիր Ռզաևի գլխավորած 701-րդ մոտոհրաձգային բրիգադը (տեղակայման վայրը՝ Քարվաճառ), իսկ Մարտակերտի ուղղությամբ՝ գնդապետ Էլխան Օրուջևի գլխավորած 708-րդ առանձին տանկային բրիգադը։

Հայկական ինքնապաշտպանական ջոկատները չէին կարող պարտիզանական մարտերով պայքարել մեծաքանակ զորքի և զինտեխնիկայի դեմ, ուստի սկսեցին նահանջել։

Հունիսի 16-18-ի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները հերթով գրավեցին Մարաղայի և Մարգուշավանի շրջակայքում գտնվող գյուղերի մեծ մասը։ Այսպես՝ առաջինն ընկան Տոնաշենն ու Մատաղիսը, ապա Մեհման Ալեքբերովի գլխավորած ադրբեջանական 4-րդ մոտոհրաձգային գումարտակը գրավեց Հասանղայան (Հայկաջուր): Այս ընթացքում Էլչին Ալիևն ու Ալամշախ Մամեդովը սկսեցին մարտերը Կարմիրավանի ու Ջրաբերդի ուղղություններով։ Մարաղայի լիակատար շրջափակումից խուսափելու համար Արցախի ինքնապաշտպանական ուժերը 10 օր շարունակեցին ինքնապաշտպանությունը Կարմիրավանում։

«Երկիր» թերթի այս ժամանակաշրջանի տարբեր համարների ուսումնասիրությունից հետևյալ պատկերն ենք ստանում.

Հունիսի 16-18

Չնայած ինքնապաշտպանության ուժերի կատաղի դիմադրությանը, ադրբեջանական բանակը, գործի դնելով մեծ թվով զրահատեխնիկա և մարդուժ, հաջողել է հունիսի 16-ի կեսօրից հետո ճեղքել հայկական ինքնապաշտպանության գոտին, գրավել Մարտակերտի շրջանի Չայլու և Թալիշ գյուղերը և շարժվել դեպի Տոնաշեն ու Մատաղիս գյուղերը: Բնակչության մեծ մասը հասցրել է քաշվել անվտանգ գոտի: Ինքնապաշտպանության ուժերը դիրքեր են գրավել գյուղերից դուրս և փորձում են դադարեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը դեպի Մարտակերտ, Մարաղա և Մարգուշավան։

Հունիսի 18-20 - Հունիսի 16-ի երեկոյան պատերազմական գործողություններում հաստատվել է որոշ հավասարակշռություն: Մարտակերտի շրջանում հայերը պաշտպանում են Մարաղա-Մարգուշավան-Հասանգայա-Լևոնարխ գիծը: Ադրբեջանական զինուժի հսկողության տակ են Թալիշը, Չայլուն, Մատաղիսը - Մարաղա-Մարգուշավան գյուղերում վիճակը ծայրահեղ ծանր էր։ Այս գյուղերի մոտակայքում՝ Թարթառի շրջանում, թշնամու զինյալ ուժերի և զինտեխնիկայի կուտակումներ էին նկատվում։ - Մարտակերտը հայտնվել էր լուրջ վտանգի տակ. անընդհատ հրետակոծության էր ենթարկվում։ Բարդ էր նաև վիճակը Ասկերանի ուղղությամբ. հակառակորդը օգտագործում էր «Գրադ» կայանքներ [1,2, 3, 4, 5, 6, 7]։ Հունիսի 26-ին Է. Ալիևի և Ա. Մամեդովի գումարտակներին հաջողվեց գրավել Կարմիրավանը, որից հետո նաև Ջրաբերդը։ Հունիսի 30-ին ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին նաև Լևոնարխը։ Այսպիսով, Մարաղայի և Մարգուշավանի շրջակայքի գյուղերը մեկը մյուսի հետևից ընկան Ադրբեջանի վերահսկողության տակ, և ինքնապաշտպանական ուժերը չէին կարող փոքրաթիվ ուժերով ու առանց համապատասխան զինտեխնիկայի պայքարել մեծաքանակ զորքի դեմ, ուստի Մարաղան ևս հայտնվեց հակառակորդի ձեռքում։

Համացանցում տարածվել է մի տեսանյութ՝ «Ադրբեջանական ՕՄՕՆ-ը Մարաղայում, 1992թ.» վերնագրով, որտեղ ներկայացված են կադրեր ադրբեջանցիների տոնախմբությունից Մարաղայում:

Արցախի ինքնապաշտպանական ուժերն ստիպված էին նահանջել Մարտակերտ։ Հուլիսի 2-ին ադրբեջանական զորքերը շարժվեցին Մարտակերտի ուղղությամբ, իսկ հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը հայկական ուժերը ստիպված լքեցին քաղաքը նախօրոք ապահովելով քաղաքացիական բնակչության նահանջը Կուսապատի ուղղությամբ Հուլիսի 4-ի վաղ առավոտյան ադրբեջանական առաջնային ուժերը՝ ՕՄՕՆ-ը, «Գուրթուլուշ» գումարտակը, 123-րդ գնդի 1-ին մոտոհրաձգային և տանկային գումարտակները՝ Նազիմ Բայրամովի հրամանատարությամբ, մտան Մարտակերտ։

1993 թ. հայկական ուժերի հակահարձակումը, Մարտակերտի ազատագրումը. Մարաղայի հետագա ճակատագիրը

1993թ. հունիսի 26-27-ին հայկական ուժերը ազատագրեցին Մարտակերտը։ Ըստ Բ.Ուլուբաբյանի՝ այդ ժամանակ Մարտակերտ այցելած Հատուկ ծրագրերի կոմիտեի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը եղել էր Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան մասում և հայտնել, որ դեռևս ազատագրված չէին 3 գյուղ՝ Չայլու, Մարաղա, Սեյսուլան։ Նա հայտնել էր նաև, որ ադրբեջանցիները մեծ ազդեցություն չունեն գյուղերի վրա և կարծում էր, որ կհեռանան։ Մարտակերտը ազատագրելուց հետո առաջնային խնդիր էր տարածքի ականազերծումը, ջրմուղ-էլեկտրացանցի անցկացումը, որպեսզի մարտակերտցիները վերադառնային բնակվելու իրենց քաղաքում։ Այսպիսով, Մարտակերտն ազատագրվեց, սակայն Մարաղան, որտեղ 1992 թ. ապրիլից արդեն խաղաղ բնակչություն չէր մնացել, մնաց ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ:

Նոր Մարաղա

Մարաղայից ոչ շատ հեռու թշնամուց ազատագրված նախկին Աղդամի շրջանի Ղըզըլ Քյանգյառլու գյուղի տարածքում հիմնվեց Նոր Մարաղա գյուղը, որն սկսեց վերաբնակեցվել 1995թ.-ից։ Մարաղացիները կարոտում են իրենց հայրենի գյուղը, որը որոշ դիրքերից տեսանելի է Նոր Մարաղայից։ Գյուղացիները նաև նշում են, որ նկատել են անասնապահների: Պաշտոնական տվյալներով Մարաղայում և Մարգուշավանում, որոնք ընդհանուր անվամբ այժմ կոչվում են «Շըխարխ», վերաբնակեցում չի արվել, սակայն արբանյակային նկարներից պարզ է դառնում, որ 2012թ. ի վեր մոտ 2 տասնյակ տներ են ստեղծվել։ Ավանի տարածքում տեղակայված է Ադրբեջանի ԶՈւ գումարտակ:

Հարցին, թե արդյոք կբնակվի Մարաղայում, եթե գյուղը ազատագրվի, Ռոմա Կարապետյանը պատասխանում է. «Այո, իհարկե, մեծ հաճույքով։ Մարաղայի դիրքը համեմատած Նոր Մարաղայի ավելի լավն է, հողն ավելի բերքառատ է, եղանակն ավելի չորային։ Հիշում եմ, որ 1994թ. մայիսին, երբ պետք է սկսեինք լայնամասշտաբ գործողություն՝ նախքան հաշտության կնքումը, ծրագրի մեջ կար նաև Մարաղայի ազատագրումը։ Դիրքերում էինք, հեռադիտակով մեր տանն էի նայում, այդքան էլ վնասված չէր, ինչպես մնացածները։ Մեր հրետանու հրամանատարը՝ Ժորան (Գասպարյան Ժորա, հայտնի որպես «Գրադի Ժորա»), այդ պահին մոտեցավ ինձ, ուզում էր ջղայնանալ, քանի որ դիրքերը թողել ու այլ ուղղությամբ էի նայում... Ասաց՝ դիրքերը թողած ուր ես նայում, ասացի՝ մեր տանը։ Լռեց ու գնաց։ Լրիվ հիշում եմ մեր տունը»։

Լուսինե Պողոսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am